Startup Europe Week Yerevan. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրերին մասնակցած 250 թիմերից 30-ը ստացել են 2 մլն դոլարի ֆինանսավորում

Startup Europe Week Yerevan. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրերին մասնակցած 250 թիմերից 30-ը ստացել են 2 մլն դոլարի ֆինանսավորում

Փետրվարի 5-ին Թումոյում անցկացվեց Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը, որն առաջին անգամ էր անցկացվում Երևանում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը, ով ներկայացրեց կենտրոնի աքսելերացիոն ծրագրերը, որի շրջանակներում օգնություն և խորհրդատվություն է տրամադրվում այն ստարթափներին, որոնց ծրագրերը փորձում են ազդեցություն ունենալ ենթակառուցվածներքի զարգացման վրա: Այդ օգնության շրջանակներում ստարթափները կարող են ստանալ համակարգչային և տարածքային ապահովում և այլն: Ծրագրերը որպես կանոն տևում են 3-4 ամիս:

Ծրագրի շրջանակում կենտրոնը նախ օգնում է ստարթափին հասկանալ` արդյոք այն գաղափարը, որն, ըստ թիմի, որևէ սոցիալական կարևորություն ունեցող ենթակառուցվածքային խնդիր է լուծելու, աշխատող է, թե ոչ և ինչպիսին կլինեն այդ խնդրի լուծման հետևանքները:

12696881_1197605153600665_1362434875_o

Արտաշես Վարդանյան

Ծրագրերի ընթացքում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնք օգնում են ստարթափներին գտնել հավանական ներդրողների, կապեր հաստատել նրանց և այլ ստարթափ թիմերի հետ: Ծրագրերին մասնակցած ավելի քան 250 երիտասարդ թիմերից 30-ը ստացել են աջակցություն, այդ թվում նաև ընդհանուր առմամբ 2 միլիոն դոլարի ֆինանսավորում: Կենտրոնն անցկացրել է աքսելերացիոն ծրագրի երեք փուլ, որոնցից վերջին երկուսին մասնակցած թիմերից չորսը ներգրավել են ավելի քան 350.000 ԱՄՆ դոլար` տեղական վենչուրային ֆոնդերից և արտասահմանյան հրեշտակ ներդրողներից:

Կենտրոնն իրականացրել է նաև հայտնի «Shark tank»–ի հայկական տարբերակը` «Իշխան տանկ» ծրագիրը, որի ընթացքում ընտրվել են երեք թիմեր: Վերջիններս ստացել են խորհրդատվություն մենթորների կողմից և վերջիններիս օգնությամբ կապեր հաստատել շատ կարևոր մարդկանց և կազմակերպությունների հետ:

Արտաշես Վարդանյանը հավելեց , որ փետրվարի 21-ին տեղի է ունենալու «Demo day» միջոցառումը, որի ընթացքում թիմերը հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները և ապրանքները: «Սա մրցույթ չէ, այլ սեփական արտադրանքն և գաղափարն ոլորտի այլ «խաղացողներին» ներկայացնելու հարթակ, ինչպես նաև հավանական ներդրողների գտնելու լավ հնարավորություն»,-նշեց կենտրոնի տնօրենը: