SEW. OneArmenia-ն իրականացրել է արդեն 20 ծրագիր (տեսանյութ)

SEW. OneArmenia-ն իրականացրել է արդեն 20 ծրագիր (տեսանյութ)

Փետրվարի 5-ին Թումոյում կայացած Startup Europe Week 2016 Yerevan միջոցառմանը ներկայացվեց OneArmenia ոչ առևտրային հասարակական կազմակերպության գործունեությունը, որի նպատակն է տարբեր նախագծերի համար ֆինանսավորում հայթայթելով նպաստել Հայաստանի զարգացմանը:

ՀԿ-ի ներկայացուցիչ Անահիտ Գալստյանը խոսեց կազմակերպության վերջին ծրագրերի մասին, որոնցից մեկն ուղղված է սահմանամերձ գյուղերում մեղվաբուծության զարգացմանը՝ որպես գյուղացիների ապրուստի միջոց: Կազմակերպությունն ապահովել է գյուղացիներին համապատասխան աշխատանքային գործիքներով, ինչպես նաև անցկացնում է դասընթացներ` ուղղված մեղվապահական հմտությունների զարգացմանը:

Անդրադառնալով ստարտափների գաղափարներին՝  Ա.Գալստյանը շեշտեց նյութի հետաքրքիր և գրավիչ լինելու պայմանը: «Եթե նյութը չի կարողանում գրավել դիտողին 5-10 վայրկյանի ընթացքում, ապա այն դեռ հում է և ոչ աշխատունակ»,- ասաց նա:

Բանախոսը որոշ խորհուրդներ տվեց այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ներկայացված ծրագրի բովանդակությունը, ծանոթացրեց OneArmenia կայքի հետ և դրանից օգտվելու ձևերին: Նշեց, որ իրենց կազմակերպության շնորհիվ իրականացվել է արդեն 20 ծրագիր` կապված տեխնոլոգիաների հետ: Դրանք վստահելի և զարգացման հեռանկար ունեցող նախագծեր են: «Եթե սթարթափներն ունեն նման նածագծեր, ապա կարող են ուղարկել դրանք մեզ, և մենք կքննարկենք ֆինանսավորման հայթաթման և զարգացման հարցը, սակայն հիշեցնեմ, որ նախագծերը պետք է իրենց մեջ կրեն տնտեսության զարգացմանն ուղղված սոցիալական բաղադրիչ»,-ասաց կազմակերպության ներկայացուցիչը:

Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումն առաջին անգամ էր անցկացվում Երևանում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։ Միջոցառման նպատակն էր նպաստել և աջակցել Հայաստանում ձևավորվող սթարթափ միջավայրի զարգացմանը: