Գեղարքունիքի մարզի դպրոցներում բացվել են ինժեներական խմբակ-լաբորատորիաներ

 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի 4 դպրոցում այսուհետև կգործեն ինժեներական ժամանակակից լաբորատորիաներ: Լաբորատորիաները գտնվում են Մեծ Մասրիկ, Լուսակունք, Մարտունի համայնքների միջնակարգ և Գավառի թիվ 8 դպրոցներում:

Լաբորատորիաներում ներառված են Հայաստանում արտադրված  բարձրակարգ եռաչափ տպիչներ, «Գուգարք» մինի համակարգիչներ և այլ սարքեր, որոնց օգնությամբ աշակերտները կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա:

Հարկ է նշել, որ ինժեներական լաբորատորիաներում կարող են վերապատրաստում ստանալ ոչ միայն դպրոցի աշակերտները, այլ նաև տեղի և մոտակա գյուղերի բնակիչները:  

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Ինժեներական խմբակ-լաբորատորիաների ներդրումը ԻՏՁՄ-ի համար ռազմավարական նշանակություն ունի: Մենք պլանավորում ենք մինչև 2019թ. դառնալ աշխարհի առաջին պետությունը, որն ինժեներական լաբորատորիաներ կունենա բոլոր դպրոցներում: Սա կարող է լինել մեր know-how-ն, որով, իմ կարծիքով, կարող ենք արժանիորեն ներկայանալ 2019թ. Հայաստանում կայանալիք ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրեսին (WCIT)»:

Լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությանը, ծրագրի նախաձեռնողներից բացի, ներկա են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Նշենք, որ դպրոցներում ինժեներական խմբակ-լաբորատորիաների ներդրման ծրագիրը   նպատակ ունի Հայաստանում զարգացնել տեխնիկական կրթության բազան, ուղղորդել դպրոցականների մասնագիտական կողմնորոշումը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ՝ ընդլայնելու տեխնոլոգիական ոլորտը: ԻՏՁՄ-ի և մի շարք աջակից ընկերությունների շնորհիվ Հայաստանում և Արցախում արդեն գործում են  ռոբոտաշինության ավելի քան 60 խմբակ և 20-ից ավելի ինժեներական խմբակ-լաբորատորիաներ: