Դեմո օր. Medas հավելվածը կօգնի ժամանակին ընդունել դեղամիջոցները (հարցազրույց)

Դեմո օր. Medas հավելվածը կօգնի ժամանակին ընդունել դեղամիջոցները (հարցազրույց)

Փետրվարի 21-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը «Դեմո օր» միջոցառմամբ կամփոփի իր աքսելերացիոն ծրագիրը նախատեսված նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար։ Աքսերելացիոն ծրագրի մասնակից 12 ստարտափ թիմերը հնարավորություն կունենան իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին։

Մինչ այդ ittrend.am-ը կներկայացնի ծրագրի մասնակից թիմերի պրոդուկտները, որոնցից մեկն է Medas բժշկական պայմանավորվածությունների ժամանակացույցի կազմման ավտոմատ համակարգը, որը կօգնի ժամանակին ընդունել դեղեր և բուժումներ և խուսափել դեղամիջոցների թունավորումից։ Մեզ հետաքրքրող հարցերին պատասխանեց թիմի անդամ Մխիթար Մկրտչյանը:

– Ինչպե՞ս ծնվեց Medas-ի գաղափարը: Գուցե աշխատու՞մ եք բժշկության բնագավառում: 

– Գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ ես կարճաժամկետ բուժման կուրս էի անցնում, և ստիպված էի մի քանի տեսակի դեղեր խմել: Ինձ համար բարդ էր հիշել ժամանակները, համակցությունները, քանակությունը և փորձեցի գտնել բջջային հավելված, որը կաներ այդ ամենը իմ փոխարեն… Ծրագրերը շատ էին, սակայն նրանք շատ բարդ էին և չէին հարմարեցված բուժման համար, այլ պարզապես զարթուցիչներ էին… Մի շարք հարցումներին և բժշկական հաշվետվություններին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ այդ խնդիրը համատարած է, և որոշեցինք Medas-ով մեր լուծումն առաջարկել:

Մեր թիմը սերտորեն կապված է բշկության բնագավառի հետ, մասնավորապես, մոլեկուլային մակարդակում հիվանդությունների ուսումնասիրության և նորագույն տեխնոլոգիաների ինտեգրման ոլորտում:

– Կներկայացնե՞ք մանրամասն, թե ինչպես է աշխատում Medas-ը: 

– Medas-ի աշխատանքային սկզբունքը հնարավորինս պարզ է, օգտագործողին անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալները, օրվա ընթացքում սնվելու քանակությունը, արթնանալու/քնելու ժամանակները և անցնել դեղերի ցուցակի լրացմանը, որից հետո Medas-ը գեներացնում է ժամանակացույց, որը հնարավոր է փոխել՝ ըստ ցանկության: Տեղեկացնեմ, որ հավելվածն արդեն թողարկված է:

– Այն համաշխարհային շուկայի համա՞ր է նախատեսված, թե թիրախը հիմնականում հայ սպառողն է:

– Ինչպես դեղերի անբարենպաստ ազդեցության խնդիրը, այնպես էլ Medas-ը չունի աշխարհագրական սահմանափակումներ:

 

– Ո՞րն է դրա առավելությունը, օրինակ, հեռախոսային հիշեցումների հետ համեմատած:

– Ըստ մեր թիմի կարծիքի՝ Medas-ի գլխավոր առավելությունը պարզությունն է: Ինչ վերաբերվում է ֆունկցիոնալ հագեցվածությանը, 1 սարքով Medas-ից կարող են օգտվել մի քանի օգտատեր, որը թույլ է տալիս օգտագործել նրան ինչպես տնային, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում: Դեղերի ընդունումը հնարավոր է դնել և՛ կոնկրետ ժամի, և՛ կապել սնվելու հետ (սնվելուց ինչ-որ ժամանակ առաջ/հետո), որը շատ կարևոր է մի շարք հիվանդությունների բուժման ժամանակ: Բացի այդ՝ Medas-ը նախօրոք ցույց է տալիս, թե ինչ պետք է ընդունել մոտակա ժամի ընթացքում՝ հեշտացնելով օրվա պլանավորումը:

– Ո՞րն է շուկա մուտք գործելու ձեր ռազմավարությունը: Չէ՞ որ նորարարական գաղափարները փոքր-ինչ դժվարությամբ են ընդունվում հասարակության կողմից:

– Հասարակությունը չի ընդունում այն, ինչը չի հասկանում, իսկ Medas-ը շատ պարզ է, որի շնորհիվ հեշտությամբ կինտեգրվի:

– Դատելով գաղափարից՝ Medas-ը հիմնականում նախատեսված է մեծահասակների համար, կարծում եք՝ նրանք կկարողանա՞ն հեշտությամբ օգտվել: 

– Այո, Medas-ի պահանջարկ ունեցողների մեծամասնությունը մեծահասակներն են: Մեր թիմը արել է ամեն ինչ, որպեսզի մեծահասակները բարդություն չունենան օգատգործելիս, բացի այդ՝ նախատեսվում է ներմուծել այնպիսի գաղափարներ, որոնք հնարավորություն կընձեռեն ավելացնել խնամակալներ:

– Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հայաստանում իննովացիոն բժշկության բնագավառում, և ո՞րն է այդտեղ ձեր առաքելությունը:

– Հայաստանը շատ լավ մոդել է՝ զարգացման ուղղությունների գիտակցման համար: Մեր տեսլականը բժշկական որոշ համակարգերի ավտոմատացումն է, ինչպես նաև հիվանդ-բժիշտ-դեղատուն կապի պարզեցումը, սխալները նվազեցնելու նպատակով: