Հայկական 10 ստարտափներ «Դեմո օրվա» շրջանակներում ներկայացրին իրենց մշակած նորարար արտադրանքը

2016թ-ի փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող Աքսերելացիոն ծրագրի Դեմո օրը։ Միջոցառման ընթացքում մասնակից 10 ստարտափ թիմերը հնարավորություն ունեցան իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի 220-ից ավել մասնագետների, հավանական ներդրողների, ՏՏ ընկերությունների, տարածաշրջանային աքսելերացիայի ծրագրի ներկայացուցիչների և ձեռներեցների դատին։ 6 ստարտափերի պրոդուկտներով հետաքրքվեցին պոտենցիալ ներդրողները։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը արդեն 2-րդ անգամ անցկացնում է սույն ձևաչափով «Դեմո օր» միջոցառումը, որը նոր մշակույթ ներկայացրեց հայկական ստարտափ էկոհամակարգում։ Թիմերը ոչ միայն ներկայացնում են իրենց կողմից մշակված պրոդուկտները, այլև կիսվում իրենց փորձով, պատմում դժվարությունների, լսում իրենց պրոդուկտների հնարավոր օգտատերերի կարծիքը։ Ստարտափ աքսելերացիայի  ծրագրի ողջ ընթացքում թիմերը խորհրդատվություն են ստանում ոլորտի փորձառու մենթորներից, կենտրոնի միջոցով կապ հաստատում պոտենցիալ ներդրողների հետ ինչպես Հայաստանից, այնպես էլ դրսից։

«Ծրագրի ընթացքում թիմերը մեծ առաջընթաց են գրանցել։ Սկզբում նրանցից շատերը ունեին ընդամենը «հում» գաղափար, իսկ ավարտին  արդեն պատրաստի պրոդուկտ, որը ներգրավել է բազմաթիվ օգտատերերի։ Վառ օրինակներից մեկը սննդի առցանց առաքման համար նախատեսված Cartly հավելվածն է, որը ընդամենը լավ գաղափար էր սկզբում։ Ներկայումս 500-ից ավել մարդ արդեն ներբեռնել է այն և ակտիվորեն կիրառում է ամենօրյա գնումները անելիս։ Բազմաթիվ ներդրողներ էին ներկա միջոցառմանը, և  հետաքրքիր է փաստել, որ միջոցառումից անմիջապես հետո արդեն 6 թիմերի հանդեպ ներդրողները ունեին մեծ հետաքրքրվածություն։», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Ստարտափ աքսելերացիայի ծրագրի նախորդ շրջաններում ընդգրկված ստարտափերից շատերը արդեն դարձել են կայուն բիզնես ոչ միայն հայկական, այլ միջազգային շուկայում` ունենալով հարյուր հազարավոր օգտատերեր և ներգրավելով 2 միլլոն ԱՄՆ դոլլարից ավել ներդրումներ։ Նրանք ներկայանում են շուկայական տեսանկյունից նորույթ հանդիսացող արտադրանքներով, որոնք կիրառելի են ցանկացած երկրում։  Ստարտափերից շատերը փորձում են լուծել գլոբալ խնդիրներ, այսինքն նրանց թիրախային  շուկան ընդգրկում է տասնյակ միլիոնավոր պոտենցիալ հաճախորդներ:

Միջոցառմանը մասնակցող թիմերի ներկայացրած պրոդուկտներին մանրամասն ծանոթացեք ittrend.am-ի հարցազրույցներում: