Huawei MateBook. iPad Pro-ի 12 դյույմանոց մրցակիցը

Huawei MateBook. iPad Pro-ի 12 դյույմանոց մրցակիցը

Huawei ընկերությունը Mobile World Congress (MWC) միջոցառմանը ներկայացրել է MateBook հիբրիդային պլանշետը: Ինչպես iPad Pro-ին, այս 12 դյույմանոց սարքին ևս կարելի է միացնել ստեղնաշար և ստիլուս՝ վերածելով սարքը լիարժեք այլընտրանքային նոութբուքի:

Ալյումինե կորպուսով սարքը կշռում է 640 գրամ և աշխատում է 6-րդ սերնդի M սերիայի Intel Core պրոցեսորով և Windows 10 օպերացիոն համակարգով:

MateBook-ը համալրված է IPS էկրանով՝ 2160х1400 պիքսել թույլատրելիությամբ, 4430 մԱժ հզորությամբ մարտկոցով, USB Type-C պորտով և մատնահետքի սկաներով: Պլանշետ-նոութբուքի առավելագույն կոնֆիգուրացիան ապահովում է 8 ԳԲ DDR3 օպերատիվ հիշողություն և SSD քարտ՝ 512 ԳԲ տարողությամբ:

huaw2

Ընկերությունն առաջարկում է նաև հավելյալ սարքեր, որոնք կլրացնեն Matebook-ին՝ դարձնելով այն ամբողջական սարք: Դրանք են ստեղնաշարային մոդուլը, որն ունի մեծ սեղմակներ, իսկ ստեղների միջև հեռավորությունը կազմում է 1,5 մմ: Վերջինն արժե 129 դոլար, իսկ MatePen ստիլուսը՝ 59 դոլար:

Սարքի միջազգային վաճառքը կմեկնարկի մոտակա ամիսների ընթացքում: Այն հասանելի կլինի արծաթագույն և ոսկեգույն տարբերակներով:

huaw3

Matebook-ի ամենահասարակ մոդելը  (Core M3, 4 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ) կարելի է ձեռք բերել 699 դոլարով: Ամբողջական հավաքածուն կարժենա 1599 դոլար:

Աղբյուրը՝ Huawei-ի մամուլի ծառայություն

Բաժիններ: Համակարգչային