Acer-ը ներկայացրել է 1 տերաբայթ հիբրիդային հիշողությամբ սմարթֆոն

Acer-ը ներկայացրել է 1 տերաբայթ հիբրիդային հիշողությամբ սմարթֆոն

MWC 2016 ցուցահանդեսին հավաքվել էին մեծ թվով արտադրող ընկերություններ, որոնք հիմնականում ներկայացնում էին նոր սմարթֆոններ: Սակայն առաջատար դիրքերում շարունակում են մնալ Samsung, LG և Sony ընկերությունները, իսկ այլ կազմակերպություններին մնում է ներկայացնել իսկապես որևէ առանձնահատուկ բան, որպեսզի կարողանան գրավել սպառողների ուշադրությունը: Այդ կերպ է որոշել վարվել Acer ընկերությունը, որը ներկայացրել է 1 տերաբայթ հիշողությամբ սմարթֆոն:

Խոսքը գնում է նորագույն Liquid Jade 2 սմարթֆոնի մասին, որն ունի 21 մեգապիքսել տեսախցիկ, 5,5 դյույմանոց, Zero Air Gap տեխնոլոգիայով Full HD AMOLED էկրան, որը լավացնում է ընթեռնելիությունը վառ լուսավորության ժամանակ: Ընկերությունը ցանկանում է ուշադրություն գրավել նաև սարքի հնչյունային որակի բարելավմանը նպաստող DTS® Headphone:X տեխնոլոգիայով:

acer2

Իրականում սարքը չունի 1 տերաբայթ հիշողություն: Այն 32 գիգաբայթ է, սակայն ընկերությունն առաջարկում է 1 տերաբայթ հիշողություն «ամպի» տեսքով, որտեղ կարելի է պահել հավելվածներ, երգեր, տեսահոլովակներ և ցանկացած այլ տվյալ: Ցավոք, ընկերությունը շատ չի մանրամասնել այս հնարավորությունը:

Նշենք նաև, որ 21 մեգապիքսել տեսախցիկն ունի երկակի լուսադիոդային ֆլեշ և 4K վիդեո նկարահանման հնարավորություն: Սմարթֆոնն աշխատում է ութ միջուկանոց Snapdragon 808-ով՝ 3 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Այս պահի դրությամբ հեռախոսի գինը և վաճառքի մեկնարկի ամսաթիվը հայտնի չեն:

Աղբյուրը՝ Android Insider

Բաժիններ: Ինովացիա, Մոբայլ