Wakie-ի հիմնադիր Հրաչիկ Աջամյան. մեր թիմը հավատում է, որ 10 տարի անց մարդիկ կասեն` ինչպե՞ս էինք ապրում առանց Wakie-ի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Wakie միջազգային նախագիծը, որը ստեղծվել է «Будист» ռուսական սոցիալական զարթուցչի հիման վրա, փոխել է իր կոնցեպցիան ու ստացել 1մլն դոլարի ներդրում: Հավելվածը թույլ է տալիս կապ հաստատել այլ օգտատերերի հետ և խորհրդակցել որևէ հարցի շուրջ կամ պարզապես լսել սփոփանքի խոսքեր նրանց կողմից: Հավելվածի ստեղծման, անցած ճանապարհի ու ձեռքբերումների մասին ittrend.am-ը զրուցեց հավելվածի հիմնադիր, մեր հայրենակից Հրաչիկ Աջամյանի հետ:

Հրաչիկ Աջամյան
Հրաչիկ Աջամյան

– Հետաքրքիր է իմանալ, թե արմատներով որտեղից եք, ի՞նչ ճանապարհ եք անցել և ինչպե՞ս եք հայտնվել ԱՄՆ-ում:

– Մենք` ես և Թաթուլը՝ եղբայրս ու հավելվածի համահիմնադիրը, ծնվել ենք Հայաստանում՝ Սպիտակ քաղաքում: 1988-ի երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան: Մենք հիմնել ենք մեր առաջին ինտերնետային ընկերությունը, երբ համապատասխանաբար 16 և 19 տարեկան էինք: Դա բավական հաջողված նախաձեռնություն էր, և մենք ունեցանք մեր առաջին եկամուտը: Դրանից բացի՝ 2007-ին ես ռուսական առաջին սոցիալական կայքի` Yandex-ի գործադիր տնօրենն էի: Այդ ժամանակ Թաթուլն աշխատում էր PriceWaterhouseCoopers ընկերությունում: 2011-ին մենք հիմնեցինք մեր առաջին ստարտափը, որը կոչվում էր Budist: Այն դարձավ Ռուսաստանի ամենահաջողված ատարտափներից մեկը և ստացավ տասնյակից ավել մրցանակներ, այդ թվում` The Startup Of The Year պատվավոր մրցանակը: 2014-ին մեր թիմը ռուսական շատ հայտնի «Կոմերսանտ» թերթի խմբագրության կողմից ճանաչվեց որպես տարվա լավագույն ստարտափ թիմ: Արդեն ունենալով լավ թիմ և միլիոնավոր օգտատերեր՝ մենք որոշեցինք տեղափոխվել ԱՄՆ և վերաթողարկել մեր ստարտափը` արդեն համաշխարհային մասշտաբներով: Այսպիսով, մենք տեղափոխվեցինք Սանիվեյլ՝ Կալիֆորնիա, ստեղծելու համար մի ընկերություն, որը կօգնի միլիարդավոր մարդկանց ամբողջ աշխարհում:

– Պատմեք մի փոքր Ձեր ներդրողների մասին, ովքե՞ր են նրանք և ի՞նչ հիմունքներով են ներդրում կատարում:

– Մեզ շատ են օգնել հրեշտակ ներդրողները, ինչպես նաև մի շարք մեծ կազմակերպություններ, ինչպիսիք են Flycast Networks-ը, Adify-ը և այլն: Ընդհանուր առմամբ մենք ստացել ենք 4.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Wakie

– Պատմեք մի փոքր Wakie հավելվածի մասին, ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ի՞նչ խնդիր է լուծում:

– Մարդիկ շատ հաճախ կարիք ունեն պարզապես կիսվել իրենց խնդիրներով որևէ մեկի հետ կամ խորհուրդ ստանան մեկ այլ` ավելի փորձառու մարդու կողմից: Շատ անգամ մարդիկ փորձում են լուծել շատ խնդիրներ՝ պարզապես որոնում կատարելով Google-ում, սակայն այն երբեք չի կարող լուծել զգացմունքային դաշտի խնդիրներ: Նման դեպքերում օգնության է գալիս մեր հավելվածը, այն հնարավորություն է տալիս Ձեզ խոսել մեկ այլ մարդու հետ, ով կարող է օգնել Ձեզ Ձեր խնդրի լուծման հարցում կամ շատ արժեքավոր խորհուրդ տալ: Շատերը կասեն, որ հնարավոր է նաև արժեքավոր խորհուրդ ստանալ մեզ շրջապատող մարդկանցից, սակայն ես կասեմ, որ դա նման է պետքական ինֆորմացիա փնտրելուն` միայն մեր սենյակում եղած գրքերի մեջ: Wakie-ն օգնում է ընդամենը մի քանի վայրկյանում գտնել այն մեկին, ով միգուցե կասի այն բառերը, որոնք մեզ շատ անհրաժեշտ են այդ պահին:

– Քանի՞ օգտատեր այժմ ունի Wakie-ն և կա՞ն արդյոք զանգերի քանակի մասին տվյալներ:

– Մեկ տարի առաջ մենք ունեինք 10.000 զանգ շաբաթական, այսօր արդեն 1.000.000: Պատասխանի սպասման միջին տևողությունը ընդամենը յոթ վայրկյան է: Մենք սկսեցինք շատ պարզ թեմայից, այն հետևյալն էր` «Ցանկանում եմ բարելավել անգլերենիս իմացությունը լեզվի կրող հանդիսացող մարդու օգնությամբ», որն շատ մեծ պահանջարկ ունեցավ ոչ անգլախոս մարդկանց շրջանում: Այնուհետև առաջարկեցինք նաև այլ հետաքրքիր թեմաներ:

– Ինչո՞վ եք զբաղված ներկայումս, ո՞րն է Ձեր հաջորդ քայլը՝ կապված հավելվածի զարգացման և բարելավման հետ:

– Այժմ մենք աշխատում ենք մի խելացի համակարգի ստեղծման վրա, որը թույլ կտա վերլուծել յուրաքանչյուր զանգ և ավելի լավ հասկանալ օգտատերերի պահանջները: Մենք արդեն իրականացրել ենք մեքենայական դասակարգման գործընթացի փորձարկումը յուրաքանչյուր թեմայի համար: Մենք ունենք բավական ինֆորմացիա դա անելու համար, և շուտով տվյալները հասանելի կլինեն նաև օգտատերերին: Տվյալներում կերևա, թե տվյալ թեմայի շուրջ ինչ սեռի մարդիկ են խոսում, ինչ տարիքի, որ երկրներից, ինչ լեզվի կրող են նրանք, ինչ այլ թեմաներ են քննարկում այդ օգտատերերը և որտեղ են մարդիկ ստանում ավելի լավ պատասխան:

– Ի՞նչ տարիքի մարդիկ են ամենաշատն օգտվում Ձեր հավելվածից և ո՞ր թեմաներն են պահանջարկ վայելում:

– Օգտվողների մեծ մասի միջին տարիքը 26 է: Իսկ ինչ վերաբերում է թեմաներին, ապա դրանք բազմազան են, օրինակ՝ որևէ մեկը ցանկանում է երգ երգել այլ մարդու համար կամ հումորային մանրապատում պատմել, սովորել որևէ բան և այլն:

– Կան արդյո՞ք նմանատիպ այլ հավելվածներ, և, եթե կան, ապա ի՞նչով է նրանցից առանձնանում Wakie-ն:

– Մենք չունենք մրցակիցներ, քանի որ նման երկրորդ հավելված դեռևս գոյություն չունի: Մենք գիտենք մի քանի հավելվածների մասին, որոնք նույնպես խնդիրների լուծում են առաջարկում զանգերի միջոցով, սակայն դրանք կտրականապես տարբերվում են մեր հավելվածից: Գիտե՞ք՝ ընդամենը 20 տարի առաջ մենք չէինք օգտագործում որոնողական համակարգերը, իսկ հիմա մտածում ենք, թե ինչպես էինք ապրում առանց դրանց. մեր թիմը հավատում է, որ 10 տարի անց մարդիկ կասեն` «Ինչպես էինք ապրում առանց Wakie-ի»:

– Եվ վերջին հարցը. արդյո՞ք հավելվածը եկամտաբեր է:

– Եկամուտը մեր հիմնական նպատակը չէ, սակայն այժմ մենք համագործակցության եզրեր ենք փնտրում տարբեր հեռահաղորդակցական ընկերությունների հետ ամբողջ աշխարհում: Մեր ծրագիրն արդեն իսկ համագործակցում է Եվրոպական ամենամեծ հեռահաղորդակցման ընկերություններից մեկի հետ, և դա մեծ նվաճում է մեզ համար: Շուտով մենք պատրաստվում ենք փորձարկել պրեմիում բաժանորդագրությունը: Դա տեղի կունենա մինչ այս տարվա ավարտը: