Archimedes. հայկական ստարտափը ստեղծում է ուս. հաստատությունների կառավարման համակարգ

Aram Tovmasyan
Արամ Թովմասյան

Փետրվարի 21-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը «Դեմո օր» միջոցառմամբ ամփոփեց իր աքսելերացիոն ծրագիրը` նախատեսված նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար: Միջոցառմանը ներկայացված էր նաև Archimedes հարթակը, որը ուսումնական հաստատությունների կառավարման համակարգ է: Հարթակի մանրամասների մասին ittrend.am-ին պատմեց թիմի անդամ Արամ Թովմասյանը:

 

– Ինչպե՞ս ծնվեց նմանատիպ հարթակ ստեղծելու գաղափարը: 

– Մենք նպատակ ունեինք ավելի թափանցիկ և արդյունավետ դարձնել բուհերի կառավարումը և ձեռնամուխ եղանք ուսումնական հաստատությունների կառավարման միասնական ավտոմատացված համակարգի ստեղծմանը, որը կներառեր ուսանողների, դասախոսների, ուսումնական պլանների, բեռնվածքի, առաջադիմության և այլնի մասին տվյալների պահպանման և գործառույթների իրականացումը: Հետագայում հանդիպեցինք դժվարությունների՝ կապված համակարգի ներդրման հետ, քանի որ  բուհերը պատրաստ չէին  ամբողջովին ավտոմատացված համակարգին անցմանը, մանավանդ որ բուհերում արդեն իսկ օգտագործում էին տարբեր ծրագրեր մասնավոր խնդիրների լուծման համար: Միակ խնդիրը, որ լուծված չէր և ոչ մի բուհում, դասացուցակի մուտքագրման և ավտոմատ գեներացիայի խնդիրն էր: Այդ իսկ պատճառով որոշեցինք կենտրոնանալ նման ծրագրի ստեղծման վրա:

– Ինչպե՞ս է Archimedes-ն աշխատում:

– Դասացուցակի գեներացիայի համար անհրաժեշտ է նախապես մուտքագրել բուհում դասավանդվող առարկաների, դասախոսների, մասնագիտությունների, կուրսերի, խմբերի, լսարանների և այլնի մասին ինֆորմացիան. ուսումնական պլանների հիման վրա  առաջարկվում է բեռնվածք, որը բաշխվում համապատասխան մասնագիտությունը դասավանդող ամբիոնի դասախոսների միջև: Ծրագրի գլխավոր գործառույթն ու ամենաբարդ մոդուլը բեռնվածքի և մուտքագրված տվյալների հիման վրա դասացուցակի ավտոմատ գեներացիան է, որում հաշվի են առնվում նաև դասախոսներին հարմար ժամերը և բուհերի կողմից դրված սահմանափակումները՝ ինչպես օրինակ մասնագիտացված լսարանները, որոշակի դասաժամերի առաջնայնությունը, բացարկների բացառումը ինչպես նաև նույն խմբի դասերի համար լսարանների հեռավորությունը:

– Հարթակը նպատակաուղղված է կրթական հաստատություններին, ինչպե՞ս այն կարող է օգնել և հեշտացնել վերջիններիս աշխատանքը և ուսման գործընթացը:

– Ծրագրային փաթեթը թույլ կտա ավելի օպտիմալ կերպով տնօրինել լսարանային ֆոնդը, ավելի արագ ստեղծել դասացուցակ առանց օգտագործելու շոշափելի մարդկային ռեսուրս և խուսափել հնարավոր անցանկալի մարդկային գործոնից:

– Հարթակն ավելի շատ ու՞մ է ուղղված` ուսանողներին, հետազոտողներին, դասավանդողներին, թե այլ թիրախային խմբին:

– Ստեղծված դասացուցակը հասանելի է և դասախոսական կազմի և ուսանողության համար: Նախատեսվում է նաև դասացուցակի հասանելիությունը վեբ և մոբայլ տարբերակներով:

– Ովքե՞ր են այժմ օգտվում հարթակից, և ի՞նչ հաջողություններ է գրանցել այն:

– Աշխատանքի ընթացքում ուսումնասիրել ենք մի քանի բուհերի գործառույթները, իսկ ներկայումս փորձարկում ենք բուհերից մեկում:

– Ինչպիսի՞ն է նմանատիպ հարթակների փորձն աշխարհում, ուսումնասիրել եք արդյո՞ք այն:

-Դասացուցակի  ստեղծման խնդիրը համարվում է բավականին լուրջ խնդիր ալգորիթմի ստեղծման և պահանջվող հաշվարկային հզորությունների առումով: Մենք հանդիպել ենք խնդրի մասնակի լուծումների, որոնք, այնուամենայնիվ, պահանջում են մարդու միջամտությունը: Մենք փորձում ենք ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ մարդկային գործոնը կհասցվի նվազագույնի, և որը  միաժամանակ հարմարեցված կլինի տեղական բուհերի աշխատանքներին և պահանջներին:

– Ի՞նչ նորություններ կմատուցի հարթակը մոտ ապագայում:

– Մոտ ապագայում ուզում ենք ավելի կատարելագործել դասացուցակի գեներատորը, ինչպես նաև ընդլայնել ծրագրային փաթեթի գործառույթները՝ ստեղծելու բուհերում առկա խնդիրների լուծման ամբողջական համակարգ: