Կայացել է «Ծրագրավորողների օր» միջոցառման հերթական հանդիպումը

Մարտի 5-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ծրագրավորողների օր» ամենամսյա միջոցառումը, որին ներկա գտնվեցին ՏՏ ոլորտի 100-ից ավել ներկայացուցիչներ և ոլորտով հետաքրքրված անձինք։

Միջոցառման բացումը կատարեց հկ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Պողոսյանը, ով, ողջունելով բոլոր ներկաներին, պատմեց «Ծրագրավորողների օր» ավանդույթի ստեղծման, զարգացման և հետագա ծրագրերի մասին։ Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց նաև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը՝ նշելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման և մասնագետների միջև փորձի փոխանակման համար նմանատիպ միջոցառումների կարևորությունը։ Արտաշես Վարդանյանը պատմեց նաև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ) գործունեության և առաքելությունների մասին։

ՄԻԿ-ի մասին տեղեկատվությանը հաջորդեցին արդեն իսկ իրագործված աշխատանքները։ Truthly-ի (www.truthly.me) համահիմնադիր Ալեքսանդր Ադամյանը և Cartly-ի (www.cartly.am) հիմնադիր Մոսթաֆա Սաջադին խոսեցին հաջողության հասնելու ճանապարհին իրենց հանդիպած խնդիրների, դրանց տրված լուծումների, հետաքրքրաշարժ ու զավեշտալի պահերի մասին։

Ի՞նչ է Google Developer Group Armenia, այս և բազամթիվ այլ հարցերի պատասխանը տվեց Google Developer Group Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով այսօր մենք ստանում ենք մեծածավալ տեղեկատվական հոսք համացանցի տարբեր ճուղերից, և, ինչու չէ, նաև ինքներս ենք մասնակցում այդ տեղեկատվության ստեղծման գործընթացին։ Այդ ամբողջ ընթացքում շատ կարևոր է ունենալ տարրական գիտելիքներ տեղեկատվական անվտանգության մասին։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու և իրենց հարցերն ուղղելու ՏՏ անվանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանին։

Ալբերտ Դարբինյանը, երկար տարիներ լինելով ծրագրավորող և միաժամանակ դասախոս, կրթել է բազում սերունդների և իր ելույթի ընթացքում երիտասարդներին փոխանցեց բազմաթիվ օգտակար խորհուրդներ։

«Երիտասարդ ծրագրավորողներ» հկ-ի ծրագրավորման բաժնի ղեկավար Սուրեն Էդիլյանը «Մենք ծրագրավորում ենք ապագան» խորագրի ներքո խոսեց ժամանակի ընթացքում տեխնոլոգիաների զարգացման, ճանաչված ՏՏ և ՏՀՏ ընկերությունների նախկին, ներկայիս արտադրանքների և ապագա տեսլականների մասին։

Ելույթների ընթացքում եղան բուռն քննարկումներ և տարատեսակ հարցեր։

Միջոցառման ավարտին, կարևորելով ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործընթացի որակյալ կազմակերպումը, ինչպես նաև ՏՏ մասնագետների միջև փորձի փոխանակման հարթակի ստեղծումը «Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպությունը և «Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը կնքեցին փոխըմբռման հուշագիր, որի դրույթների շնորհիվ հկ-ի անդամ հանդիսացող երիտասարդները հկ-ի կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում ՄԻԿ-ի կողմից անցկացվող դասընթացներին մասնակցելիս կունենան հայտարարված սակագնից 10% զեղչ, իսկ տարբեր համատեղ միջոցառումների շրջանկներում սերտ համագործակցության շնորհիվ կնպաստեն Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գործընթացին։