Նոր աքսելերացիոն ծրագիր` Սիլիկոնյան հովտում ներկայանալու հնարավորությամբ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Համաշխարհային բանկը, համագործակցելով Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի հետ, կազմակերպում են Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիր՝ Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի շրջանակում:

Աքսելերացիոն ծրագրին կարող են մասնակցել ՏՏ ոլորտի նորաստեղծ և նոր լուծումներ առաջարկող ընկերությունները: Ծրագիրը ներառում է սեմինարներ, մենթորություն, ինչպես նաև Հայաստանում ու ԱՄՆ-ում գործարար կապեր հաստատելու հնարավորություն: Հայաստանյան փուլն անցած ընկերություններից կընտրվեն 5-ը, ովքեր կմասնակցեն 2016 թվականի հունիսին Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին՝ հնարավոր ներդրողների, գործընկերների, հաճախորդների և աքսելերատորների հետ կապեր հաստատելու նպատակով:  Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու նաև CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների և ներդրողների հետ:

Ծրագրում ներառված են մի շարք թեմաներ, այդ թվում՝

  • Ապրանքատեսակի համապատասխանությունը շուկային,
  • Հաճախորդների հետ հարաբերությունների կազմակերպում,
  • Լուծումների/ապրանքատեսակի  դիրքավորում,
  • Ընկերության աճի և զարգացման հեռանկարներ:

Հաջողակ ձեռներեցները և փորձագետները կուղղորդեն մասնակիցներին բիզնես մոդելի առաջխաղացման, շուկայում ներկայանալու ռազմավարության մշակման, արտասահմանյան ներդրողների և հաճախորդների հետ աշխատելու հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև հետագա քայլերի պլանավորման հարցերում:

Տեղերը սահմանափակ են։ Դիմումի վերջնաժամկետն է մարտի 15-ը: Դիմումի ձևը կարող եք լրացնել այստեղ՝ http://goo.gl/forms/wAkoQlCEdt:

Նախապատվությունը կտրվի մշակված լուծումներ ունեցող ընկերություններին:

Ծրագիրը մեկնարկելու է մարտին և կավարտվի մայիսին, իսկ հաջորդիվ աշխատանքները կիրականացվեն ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում: Ծրագրի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Թարգմանություն նախատեսված չէ, ուստի երկու լեզուների իմացությունը պարտադիր է ծրագրից լիարժեք օգտվելու համար:

Հարցերի դեպքում կարող եք դիմել [email protected] հասցեով: