ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը վտանգում է հայ-ամերիկյան ՏՏ համագործակցությունը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ կազմակերպություններն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսական ծառայության գործունեության վերաբերյալ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, հայ-կանադական «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը և ggTaxi ընկերության համահիմնադիր-տնօրեն Արտաշես Թովմասյանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով վերը նշված խնդրի մասին, առանձնացրեց երեք պատճառ՝ քաղաքական, բյուրոկրատական և հյուպատոսի աշխարհընկալման կամ սուբյեկտիվ նախապատվության: Վարդանյանը նաև նշեց, որ չնայած նշված խնդիրներին, իրենք արդյունավետ հանդիպումներ են անցկացնում ԱՄՆ դեսպանի հետ և ծրագրում նոր համագործակցություններ մասնավորապես՝ Հայաստանի օգնությամբ ԱՄՆ-ի և Պարսկաստանի, ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի տեխնոլոգիական գործունեության շուրջ:

«Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը նշեց, որ ԱՄՆ մուտքի արտոնագրի մերժումները կտրուկ ավելացել են, ինչն ուղակիորեն խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը: 2014 թ. ի վեր ընկերությունը ներկայացրել է 12 դիմում, որից 7-ը մերժվել է:

«Մեր ընկերությունը երկու տարվա պատմություն ունի և դասվում է հաջողակ սթարթափ ընկերությունների շարքին: Մենք պարբերաբար հրավերներ ենք ստանում ԱՄՆ-ից և հանդիպումներ պլանավորում ներդրողների հետ, սակայն մուտքի արտոնագրի բացակայության պատճառով զրկվում ենք ներդրումների պոտենցիալ հնարավորությունից: Պարզապես անհասկանալի է, երբ նման ընկերության հիմնադիրն է երկու անգամ մերժում ստանում, ով հայրենիքում աճող բիզնես և մեծ նպատակներ ունի», – ասաց «ggTaxi» ընկերության համահիմնադիր-տնօրեն Արտաշես Թովմասյանը:

By Pan Photo DSC_0031

Այս առնչությամբ ԻՏՁՄ-ն մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ դեսպանի և հյուպատոսական ծառայության պատասխանատուների հետ, առաջարկվել են իրավիճակի կարգավորման մեխանիզմներ, սակայն ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրվել:
Տեղեկատվական տեխնոլոգտաների ոլորտը Հայաստանի տնտեսության գերակա և ամենահեռանկարային ոլորտն է, ուստի սա հարված է Հայաստանի տնտեսությանն ու ապագային, հատկապես երբ Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրության շուրջ 70%-ը արտահանվում է Ամերիկայի Միացյալ նահանգներ:

Մտահոգվելով Հայաստանում արդյունավետ բիզնես միջավայր ունենալու և ՏՏ ոլորտի զարգացման հիմնախնդիրներով՝ ԻՏՁՄ անդամները դիմում են ՀՀ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությանը, հետաքրքրված պետական, հասարակական և մասնավոր կառույցներին և խնդրում աջակցել ստեղծված իրավիճակի կարգավորմանը:

Հավելենք, որ տարիներ շարունակ հայկական տեխնոլոգիական ոլորտն ունեցել է ԱՄՆ կառավարության և համապատասխան կառույցների աջակցությունը, որի արդյունքում ծանրակշիռ է ամերիկյան մասնակցությամբ ընկերությունների թիվը, բազմաթիվ ամերիկյան ընկերությունները դարձել են հայկական տեխնոլոգիական ընկերությունների հիմնական պատվիրատուն և գործընկերը: Ստեղծված իրավիաճակը վտանգում է այս բոլոր գործընկերություններին: