2015-ին գրանցվել են ռեկորդային թվով ՏՏ ընկերություններ

2015-ին գրանցվել են ռեկորդային թվով ՏՏ ընկերություններ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացման համար 2015 թվականը մեծ նշանակություն է ունեցել: Նախորդ տարվա ավարտին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել և արդեն 2015 թվականի սկզբից բավական արդյունավետ կերպով կիրարկվում է ՏՏ ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը:

Մասնավորապես, ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ձևավորումը և այդ ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով ընդունվել և շրջանառության մեջ է դրվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը: Այս օրենքով, ինչպես նաև հարկային օրենսդրության մեջ կատարված համապատասխան փոփոխություններով, ՏՏ ոլորտի նոր ստեղծվող և սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին հասանելի են դարձել հարկային արտոնություններ, որը ենթադրում է շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափերի կիրառում:

Վերը նշված օրենքի, ինչպես նաև դրանից բխող ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա ստեղծված հավաստագրման հանձնաժողովի կողմից 2015 թվականի ընթացքում հավաստագրվել և վերը նշված հարկային արտոնությունների օգտատեր է դարձել ՏՏ ոլորտի նորաստեղծ ու սկսնակ շուրջ 60 կազմակերպություն:

2015 թվականի ընթացքում վերը նշված օրենսդրական բարեփոխումների հետ մեկտեղ հանրապետությունում շարունակվել է իրականացվել և ամրապնդվել նախկինում ներդրված բարեփոխումները մի շարք ուղղություններով, որոնցից ՏՏ ընկերությունների համար գործարար և ներդրումային միջավայրի բարելավման մասով առավելապես ուշագրավ են հարկերի վճարման, արտաքին առևտրի, ընկերությունների հիմնադրման, պայմանագրերի կիրարկման, ներդրողների պաշտպանվածություն, սեփականության գրանցման և այլ ոլորտներում ինչպես արդեն իրականացված, այնպես էլ իրականացման ընթացքում գտնվող միջոցառումները:

Research (4)

 

Այսպես, ՀՀ կառավարությունը, հավատարիմ մնալով տարիներ առաջ իր կողմից որդեգրած արագ և արդյունավետ բարեփոխումների իրականացման ուղենիշին, 2015 թվականին ևս հաստատել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015 թվականի միջոցառումների ծրագիրը»: Դրա հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում բիզնես սկսելու և այն զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների արագ և արդյունավետ աճի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը: