2015թ. գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է 450-ի

2015թ. գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է 450-ի

Հայաստանի ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտը բավականին երիտասարդ է. ընկերությունների մեծ մասը` ավելի քան 82%-ը, հիմնադրվել է 2000-2015թթ.: Ծրագրավորման ոլորտի առաջին մասնավոր տեղական ձեռնարկությունը հիմնվել է 1987թ., այնուհետև հինգ տարվա ընթացքում Երևանում բացվել է արտասահմանյան ընկերության առաջին մասնաճյուղը: 1991-1997թթ. տեխնոլոգիական ոլորտն ապրել է բավականին ծանր անցումային շրջան, երբ տարածաշրջանային հակամարտությունները, անկումային տնտեսությունը և բարձրակարգ մասնագետների արտագաղթը զգալիորեն խոչընդոտել են տնտեսության ընդհանուր վերականգնումը: 1998թ. դրությամբ Հայաստանում գործում էին մոտ 35-40 ծրագրավորող ընկերություններ և ինտերնետային կապի պրովայդերներ, որտեղ՝ ըստ տարբեր հաշվարկների, աշխատում էին շուրջ 1000 մասնագետներ: 1998թ. ոլորտում աշխատող մասնագետների թիվը էապես ցածր էր 1987թ. արձանագրված ցուցանիշից, երբ միայն Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն ուներ մինչև 10000 աշխատակից:

Վերջին տասնմեկ տարիների ընթացքում ոլորտում գրանցվել է թե՛ տեղական նորաստեղծ ձեռնարկությունների, թե՛ արտասահմանյան մասնաճյուղերի թվի կտրուկ աճ:

2015 թվականին գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է գրեթե 450-ի, ինչը նշանակում է, որ մոտ 12% աճ է արձանագրվել նախորդ տարվա համեմատ: Տեղական ընկերությունների մասնաբաժինը նշված 450 ընկերությունների մեջ կազմում է 64%: 2005-2015թթ. միջին տարեկան հաշվով հիմնվել է մոտ 30 ՏՀՏ ձեռնարկություն: Համեմատության համար նշենք, որ 1990- ականներին այդ ցուցանիշը եղել է տարեկան միայն 5-6 ընկերություն: Առավելագույն ցուցանիշ է արձանագրվել 2015 թվականին, երբ հիմնադրվել է շուրջ 60 նոր ընկերություն: Այսպիսի մեծ թվով ընկերությունների ստեղծումը պայմանավորված է ՏՀՏ մասին նոր օրենքով, որով հարկային արտոնություններ են սահմանվում նորաստեղծ ընկերությունների համար: Այս թվերը ներառում են այն նոր ընկերությունները և ընկերությունները, որոնք գործում էին «ստվերային տնտեսության սև շուկայում» (գործունեություն էին իրականացնում առանց գրանցման), ինչպես նաև նորաստեղծ ընկերությունները:

2010-2015թթ. Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Համաշխարհային բանկի օժանդակությամբ նախաձեռնել է մի շարք դրամաշնորհային ծրագրեր, այդ թվում՝ «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհները», «Գյումրիի համաֆինանսավորվող դրամաշնորհները», «Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհները», որոնք ուղղված են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում բիզնես գաղափարների մրցույթների և նորարարության խթանմանը:

Իրականացված միջոցառումների արդյունքում ՏՀՏ մասնագետներից և ուսանողներից ձևավորվել են թիմեր, որոնք աշխատում են ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտում նորարար պրոդուկտների ստեղծման ուղղությամբ: 2015 թվականին այդ թիմերից 30 նոր ընկերություններ են կազմավորվել, այդ թվում՝ 10 ընկերություն ձևավորվել է Գյումրիում և Վանաձորում: