ՏՀՏ ոլորտում տարեկան 1700 բարձր վարձատրվող աշխատատեղեր են ստեղծվում

ՏՀՏ ոլորտում տարեկան 1700 բարձր վարձատրվող աշխատատեղեր են ստեղծվում

2010-2015թթ. ընթացքում ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտում ու ինտերնետ ծառայությունների պրովայդերների մոտ գրանցվել է 20% միջին տարեկան աճ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ոլորտի մասնաբաժինը արտահանումների ընդհանուր ծավալում 2010թ. գրանցված 8%-ից աճել է՝ 2015թ.-ին հասնելով մինչև 11%-ի, ինչը վկայում է Հայաստանի տնտեսության համար ծրագրավորման ոլորտի աճող նշանակության մասին, որը պայմանավորված է արտահանող ձեռնարկությունների զարգացմամբ
ու ընդլայնմամբ:

ՏՀՏ ոլորտում տարեկան 1700 բարձր վարձատրվող աշխատատեղեր են ստեղծվում տեխնիկական մասնագետների համար: Մյուս կողմից, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեկան պատրաստվում են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի 2000 մասնագետներ, որոնցից լավագույնները, անցնելով որոշակի վերապատրաստում ընկերություններում, զբաղեցնում են այդ աշխատատեղերը:

Տեղական ընկերությունների մասնաբաժինը ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի ընդհանուր եկամուտների մեջ կազմում է մոտավորապես 56%, ինչը 8%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Բացի տեղական ՏՀՏ ընկերություններից՝ Հայաստանում գործում են նաև օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, որոնք հիմնականում արտապատվիրման կենտրոններ են` հստակ սահմանված բյուջեով, որոնց գործունեությունից ստացված եկամտի չնչին մասն է մնում երկրում` աշխատավարձերի և այլ ծախսերի տեսքով:

Այնուամենայնիվ, մասնաճյուղերի գործունեության ներկա մոդելը դեռևս կարևոր դեր է խաղում Հայաստանի համար և ունի տեսանելի դրական ազդեցություն թե՛ ոլորտի և թե՛ ամբողջ տնտեսության վրա: