2015-ին ՏՀՏ ոլորտի արտահանման ծավալները հասել են 214.4 միլիոն դոլարի

Ըստ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից անցկացված հետազոտության արդյունքների՝ ավելացել են ՏՀՏ ոլորտի արտահանման ծավալները, ինչը կազմում է ծրագրային ապահովման և ծառայություններ ոլորտի (առանց ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունների) ընդհանուր եկամտի 50%-ը:

Արտահանման շուկայում շարունակում են գերիշխել օտարերկրյա ընկերությունները, որոնց՝ արտահանման գծով մասնաբաժինը կազմում է 76%:

Ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի խոշոր ձեռնարկությունները օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղեր են, որոնք գրեթե ամբողջությամբ արտահանում են իրենց արտադրանքը: Բացի դրանից, շատ տեղական ընկերություններ նույնպես արտահանում են իրենց արտադրանքի և ծառայությունների զգալի մասը:

ՏՏ ոլորտի ընկերությունների ավելի քան 50%-ը արտահանում է սեփական արտադրանքն ու ծառայությունները, սակայն արտահանման տարբեր ծավալներով. որոշ ընկերությունների համար արտահանման ծավալները քիչ տոկոս են կազմում եկամտի մեջ, մինչդեռ այլ ընկերություններ ամբողջությամբ են (100%) արտահանում իրենց արտադրանքը:

Արտահանումների առավելագույն մասը` մոտ 79.5%-ը, ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 10.8%-ը` Եվրոպա, իսկ երրորդ տեղում Ռուսաստանը ու ԱՊՀ երկրներն են, որտեղ ուղղվում է արտահանումների 8.4%-ը: Այլ երկրների շարքում հայկական ծառայությունների նկատմամբ ամենամեծ պահանջարկը ներկայացնում է ԱՄԷ-ն, որը հիմնականում արտապատվիրում է հարմարեցված հաշվապահական, բանկային և ֆինանսական ծրագրեր: 

Ընդհանուր առմամբ, արտահանման ծավալների աճը խոչընդոտող հիմնական գործոններն են
միջազգային գործարար հանրության կողմից Հայաստանի և հայկական ՏՏ ոլորտի մասին ոչ լիարժեք իրազեկվածությունը, հիմնական ՏՏ շուկաներից հեռու գտնվելը, ինչպես նաև լեզվական արգելքը, որը, այնուամենայնիվ, սկսել է ավելի քիչ կարևորություն ունենալ: