Հայկական ՏՏ ընկերությունների կեսի տարեկան եկամուտը կազմում է 100,000-1,000,000 դոլար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից անցկացված հետազոտությունից պարզ է դառնում, որ 2015թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 425.5 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է 21% տարեկան աճ` նախորդ տարվա համեմատ: Ընդհանուր առմամբ 2010-2015թթ. ոլորտում գրանցվել է 20.1% միջին տարեկան աճ:

Տեղական ընկերությունների մասնաբաժինը ոլորտի ընդհանուր եկամուտների մեջ կազմում է 50%` ի տարբերություն 2014թ.-ին արձանագրված 45%-ի: Վերջին հինգ տարիների ընթացքում տեղական ընկերությունների վիճակը բավականին բարելավվել է. աճել է աշխատակիցների թիվը, կատարելագործվել են նրանց տեխնիկական հմտությունները և շուկայի վերաբերյալ գիտելիքները, դեռ ավելին, նրանց կողմից իրականացվում են առավել բարդ և բարձր գնահատվող ծրագրեր:

Research 2

 

Ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի 44 խոշոր ընկերություններ (1 միլիոն ԱՄՆ դոլար և ավելի շրջանառությամբ), որոնք կազմում են գործող ձեռնարկությունների ընդամենը 10%-ը, ձևավորում են ոլորտի ընդհանուր հասույթի 54%:

ՏՏ ընկերությունների գրեթե կեսի տարեկան եկամուտը կազմումը է 100,000-ից մինչև 1,000,000 ԱՄՆ դոլար: Միջին չափի ընկերությունների մասնաբաժինը նվազել է՝ կազմելով 49%, համեմատած 2014 թվականի հետ (52%): Տվյալները ցույց են տալիս, որ այս նվազումը պայմանավորված է 2015 թվականի ընթացքում ոլորտում 60 նոր ընկերությունների ստեղծմամբ: Եկամուտների մասով մասնաբաժինը փոփոխվել է 10%-ով, ինչը նշանակում է, որ տեղական միջին ընկերությունների մոտ շարունակվել է արձանագրվել կայուն աճ:

100,000 ԱՄՆ դոլարից պակաս հասույթ ունեցող փոքր ընկերությունների թիվը 2014թ.-ի համեմատ աճել է 4%-ով, իսկ նրանց մասնաբաժինը ոլորտի ընդհանուր հասույթում աճել է 50%-ով: Չնայած փոքր ընկերությունները զգալի ազդեցություն չունեն ոլորտի վրա, նրանց քանակի աճը վկայում է տեղական շուկայի շարունակական զարգացման մասին: