share4car.com` առաջին առցանց ավտոստոպը Հայաստանում

Մի քանի ամիս է, ինչ ստեղծվել է share4car համակարգը, որն առաջին առցանց ավտոստոպն է Հայաստանում: Ընկերությունն իր առջև նպատակ է դրել կապել նույն ճանապարհով երթևեկող վարորդներին և ուղևորներին` այդպիսով օգնելով ոչ միայն նվազեցնել ճանապարհածախսը, այլև ազատել ծանրաբեռնված հանրային տրանսպորտից կամ «թանկաբազար» տաքսու վարորդներից:

«Ես ամեն առավոտ 8:30 իմ մեքենայով Մասիվից դեպի Կենտրոն եմ իջնում աշխատանքի, այժմ արդեն ունեմ 3 մշտական ուղևոր, ովքեր ոչ միայն օգնում են կրճատել ճանապարհածախսս, այլև ընկերակցում են ինձ»,- պատմում է Արմենը, ով գրանցված է Share4car.com կայքում` որպես վարորդ:

«Դեռ 3 տարի առաջ, երբ կառավարությունը որոշել էր բարձրացնել հանրային տրանսպորտի գինը և քաղաքացիների բողոքներից ծնվեց free car ակցիան, մենք մտածեցինք, որ համակարգ մշակելու դեպքում կարելի է այս գաղափարը վերածել այլընտրանքային տրանսպորտային միջոցի»,- մեզ հետ զրույցում նշեց Share4car.com-ի տնօրեն Միքայել Գալստյանը:

Համակարգից օգտվելու համար հարկավոր է գրանցվել share4car.com կայքում կամ ներբեռնել բջջային հավելվածը: Վարորդները կայքի իրենց անձնական էջում կարող են ավելացնել երթուղիներ, դե իսկ ուղևորներն էլ` ամրագրել դրանք:

«Օրինակ` կան ուսանողներ, ովքեր ամեն օր մարզերից գալիս են Երևան կամ հենց երևանցիներ, ովքեր առավոտյան ուշանում են աշխատանքից տրանսպորտի ծանրաբեռնվածության պատճառով: Մեր համակարգը նոր լուծում է առաջարկում նրանց համար, ինչը և´ հարմար է, և´ մատչելի: Մենք օգնում ենք ոչ միայն ուղևորներին, այլև վարորդներին»,- ավելացրեց Մ. Գալստյանը:

Գրանցվելիս վարորդները հնարավորություն ունեն նշել ոչ միայն երթուղին, այլև մեքենայում առկա ազատ տեղերի քանակը, մեկ ուղևորի համար նախատեսած արժեքը և ավտոմեքենայի մակնիշը: Օրինակ` Ազատության պողոտա – Բագրևանդի փողոց – 150 դրամ: Երբ ուղևորն ամրագրում է երթուղին, նա և վարորդը հնարավորություն են ստանում տեսնել միմյանց հեռախոսահամարները և պայմանավորվել:

«Մենք շեշտը դնում ենք ոչ միայն Երևան քաղաքում երթուղիներ սահմանելու, այլև համակարգը միջքաղաքային, ինչու չէ նաև միջպետական դարձնելու վրա», – ասաց Share4car.com-ի տնօրենը` հավելելով, որ արձագանքները դրական են և համակարգում գրանցվում են նաև մեծ թվով կին վարորդներ, ինչը գովելի է և շատ հուսադրող: Share4car-ի թիմը հույս է հայտնում, որ այս նորամուծությունը, որն արդեն լավ է ընդունվել հասարակության կողմից, կբերի դրական փոփոխություններ ՀՀ տրանսպորտի համակարգում: