Հայկական NeedSweet-ը կօգնի պատվիրել «տնական» խմորեղեն (հարցազրույց)

NeedSweet-ը հայկական ստարտափ է, որը ներկայացնում է առցանց հարթակ՝ նախատեսված նրանց համար, ովքեր սիրում են «տնական» եղանակով պատրաստված քաղցրեղեն ու խմորեղեն: Այս հետաքրքիր ստարտափի ստեղծման, զարգացման հեռանկարների շուրջ ittrend.am-ը զրուցեց NeedSweet-ի ներկայացուցիչ Վահե Սարգսյանի հետ:

– Ինչի՞ց ծնվեց NeedSweet-ը ստեղծելու գաղափարը։

– Ի սկզբանե որոշված էր ստեղծել տնական ուտելիքների կայք, հետագայում, շփվելով տարբեր մարդկանց հետ ու լսելով տարբեր կարծիքներ, հանգեցինք այն մտքին, որ կարելի է սկզբնական փուլում ստեղծել մի կայք, որտեղից մարդիկ կարող են պատվիրել քաղցրավենիքներ։

– Այժմ Հայաստանում կան բազմաթիվ հաջողված հավելվածներ կամ կայքեր, որոնց միջոցով հնարավոր էպատվիրել ցանկացած մթերք, քաղցրավենիք և այլն, ի՞նչ տեղ է զբաղեցնելու Ձեր հարթակն այս շուկայում:

– Ճիշտ եք նկատել՝ նման հարթակներ շատ կան, բայց, ի տարբերություն այլ հարթակների, մենք հնարավորություն կտանք մարդկանց հենց անմիջապես կայքում հավաքել իրենց նախընտրած տորթի դիզայնը, նշել համային նախընտրությունները և այլն:

– Սկսե՞լ եք արդյոք արդեն համագործակցել քաղցրավենիքներ արտադրողների հետ և ինչպե՞ս է ընթանում գործընթացը։

– Համագործակցում ենք անհատ ձեռներեցների հետ, այն մարդկանց հետ, ովքեր կարողանում են տանը շատ համեղ քաղցրավենիքներ պատրաստել, սակայն հետագայում հնարավոր է՝ աշխատենք նաև քաղցրավենիք արտադրող ընկերություների հետ:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս հարթակը քաղցրավենիքներ արտադրող ոչ խոշոր կազմակերպությունների և անհատների վրա, և ինչպե՞ս այն, ընդհանրապես, կազդի շուկայի վրա:

– Թե ինչպես կազդի շուկայի վրա, դեռ չեմ կարող ասել, բայց փորձում ենք ստեղծել մի հարթակ, որտեղ մարդիկ (անհատ կամ ընկերություն) կարող են տեղադրել իրենց պատրաստած քաղցրավենիքները և վաճառել։

– Կա՞ն պլաններ հարթակի հետագա զարգացումների հետ կապված, ինչպիսի՞ն եք տեսնում այն մի քանի տարի անց։

– Պլաները հետևյալն են. փորձում ենք ինչքան հնարավոր է հեշտ ու հարմար օգտագործվող հարթակ ստեղծել՝ քաղցրավենիք պատվիրելու համար, որտեղ օգտագործողը կարող է լինել կա´մ պատվիրողի, կա´մ վաճառողի դերում։

– Ինչ փուլում է այժմ գտնվում NeedSweet-ի մշակումը:

– Կայքը հասանելի է վեբ-տարբերակով՝ needsweet.com, այժմ մշակում ենք այն ֆունկցիան, որը թույլ կտա օգտագործողներին ստեղծել պատվիրվող տորթի դիզայնը: Կայքը գործարկվել է մեկ ամիս առաջ, ու մեկ ամսվա ընթացքում արդեն ունեցել ենք 10-ից ավել պատվերներ: