Twitter-ը Microsoft-ի «արհեստական ուղեղին» դարձրել է կոպիտ ռասիստ

Twitter-ը Microsoft-ի «արհեստական ուղեղին» դարձրել է կոպիտ ռասիստ

Օրերս Microsoft-ը Twitter-ում թողարկել է չաթ-բոտ, որի հետ օգտատերերը կարող են շփվել իրենց հետաքրքրող ցանկացած թեմայով: Սկզբում Թայ անունով վիրտուալ աղջիկը ուրախ կատակում էր, բարյացակամ էր ու մարդամոտ, սակայն շուտով խաղաղասեր զրուցակցից նա վերածվեց ցինիկ միզանտրոպի, ով ատում է մարդկանց:

Մի օր էլ չտևեց, ինչ Թայն իր ընկերասեր թվիթներից  («Մարդիկ շատ լավն են») անցում կատարեց պրովոկացիոն արտահայտությունների («Ատում եմ ֆեմինիստներին», «Իրականում ես շատ լավն եմ, ուղղակի բոլորին ատում եմ»): Որոշ մարդիկ իրոք սարսափած էին ապագայի արհեստական ինտելեկտից:

Իրականում Թային կռվարար են դարձրել հենց իրենք՝ Twitter-ի օգտատերերը: Ըստ էության՝ չաթ-բոտն իրենից ներկայացնում է ինտերնետին միացած ռոբոտ-թութակ, որը սովորում է արտահայտություններ մարդկանցից: Եթե դիմեք նրան repeat after me (կրկնիր իմ հետևից) արտահայտությամբ, ապա նա կարող է արտաբերել ցանկացած բան, ինչ Դուք կասեք:

Հայտնի չէ, թե արդյո՞ք Microsoft-ը կանխատեսում էր դեպքերի նման զարգացում: Ընկերության կայքում ասվում է, որ Թայի ստեղծման համար օգտագործվել են բաց տվյալներ, որոնք մոդելավորվել, մաքրվել և ֆիլտրվել են:

Ընկերությունում ընդգծել են, որ չաթ-բոտը մեքենայական ուսուցման էքսպերիմենտալ նախագիծ է, որը, շփվելով մարդկանց հետ, սովորում է նրանցից, այդ թվում՝ ոչ ադեկվատ արտահայտություններ:

Աղբյուրը՝ The Verge

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ