Facebook Messenger-ի թաքնված խաղերը

Facebook Messenger-ի թաքնված խաղերը

Վերջերս համացանցում բազմաթիվ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Facebook Messenger-ում կան թաքնված ինտերակտիվ խաղեր, որոնք հնարավոր է խաղալ ընկերների հետ՝ պարզապես ուղարկելով համապատասխան հրահանգը:

Facebook game 1

 

Խաղերից առաջինը բասկետբոլն է, որը խաղալու համար անհրաժեշտ է Messenger-ի էմոջիներ բաժնից ընտրել բասկետբոլի գնդակը և ուղարկել այն զրուցակցին, որի հետ ցանկանում եք խաղալ: Այնուհետև սեղմելով ուղարկված էմոջիի վրա՝ խաղը կսկսվի: Այն շատ պարզ է` պետք է պարզապես հաջողացնել այնպես նետել գնդակը, որ այն հայտնվի զամբյուղում:

 

Հաջորդ խաղը շախմատն է: Այն խաղալու համար անհրաժեշտ է ուղարկել @fbchess play հրահանգը զրուցակցին: Սեղմելով այդ հրահանգի վրա՝ խաղը կսկսվի: Եթե ցանկանում եք ընտրել Ձեր քարերի գույնը, ապա անհրաժեշտ է ուղարկել @fbchess play white/black` կախված այն բանից, թե որ գույնով եք ցանկանում խաղալ: Խաղի ընթացքում քայլ կատարելու համար անհրաժեշտ է պարզապես հավաքել @fbchess հրահանգը, այնուհետև Ձեր ցանկացած քարի համապատասխան սկզբնատառը (տես լուսանկարում), որից անմիջապես հետո` առանց բացատի, հավաքել այն վանդակի կոորդինատները, որտեղ որ ցանկանում եք, որ հայտնվի խաղաքարը, օրինակ` @fbchess e4 կամ @fbchess Pe4՝ զինվորին(P) դեպի e4 վանդակը տեղաշարժելու համար: Իսկ, օրինակ, ձիու խաղաքարը b վանդակից d2 տեղափոխելու համար անհրաժեշտ է հավաքել հետևյալ հրահանգը` @fbchess Nbd2 և այսպես շարունակ: Որոշ այլ քայլային կոմբինացիաների կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված լուսանկարում: Մի քանի անգամ սխալվելուց և նյարդայնանալուց հետո Դուք կտիրապետեք բոլոր կոմբինացիաներին։

Հաջորդ թաքնված գաղտնիքը Facebook Messenger-ում ոչ թե խաղ է, այլ հետաքրքիր և զվարճալի լուսանկարների փոխանցում զրուցակցին։ Լուսանկար ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել @dailycute հրահանգը, և զրուցակիցը, ինչպես նաև Դուք, կտեսնեք պատահականության սկզբունքով ընտրված որևէ լուսանկար: