Պարզվում է` Samsung Galaxy S7-ն այդքան էլ ջրադիմացկուն չէ

Վերջերս թողարկված սմարթֆոնի հիմնական առավելություններից մեկը նրա ջրադիմացկունությունն էր, որի մասին նշվում է սմարթֆոնի մասին բոլոր տեսահոլովակներում և նյութերում: Հեռախոսն, ըստ էության, ունի շատ լավ խոնավադիմացկունություն, սակայն ի զորու չէ դիմանալ ջրի բարձր ճնշմանը, ինչն էլ ապացուցվել է փորձի միջոցով:

EverythingApplePro-ի բլոգերները գիտափորձ են իրականացրել Galaxy S7-ի հետ` սուզելով այն Կոլորադո գետի մեջ ավելի քան 10 մետր: Սարքը տեղադրված է եղել ներկի ամանի մեջ, որի վրա նախօրոք անցքեր են արվել: Հեռախոսը մնացել է ջրի տակ մոտավորապես հինգ րոպե, սակայն այդքանը բավական էր, որպեսզի այն այլևս չաշխատեր: Սարքը չէր արձագանքում ոչ միացման կոճակը սեղմելուն, ոչ էլ սնուցման լարը միացնելուն:

Սակայն այսքանով գիտափորձը չի ավարտվել: Այն ավելի արդար դարձնելու համար բլոգերները նույն կերպ վարվել են նաև iPhone 6s-ի հետ, սակայն այն մտցրել են հատուկ պաշտպանական պատյանի մեջ` IP68, որն ունի ջրադիմացկունության նույն աստիճանը, ինչ Galaxy S7-ը: Apple-ի արտադրանքը պատվով դուրս է եկել այս փորձությունից և չի թրջվել: Այստեղից կարելի է հետևել, որ եթե Դուք ցանկանում եք Ձեր սմարթֆոնը դարձնել իրապես անջրաթափանց, ապա անհրաժեշտ է գնել դրա համար նախատեսված հատուկ պատյան:

Աղբյուրը` Mbdevice