Հայկ Ասրիյանց. հայաստանյան դպրոցներում ծրագրավորումը և ձեռներեցությունը պետք է ներառվեն որպես պարտադիր առարկաներ

Հայկ Ասրիյանց. հայաստանյան դպրոցներում ծրագրավորումը և ձեռներեցությունը պետք է ներառվեն որպես պարտադիր առարկաներ

​​​Startup Nations-ը Ձեռներեցության համաշխարհային ցանցի (Global Entrepreneurship Network) նախաձեռնություններից մեկն է: Այն սկիզբ է առել 2012 թվականին՝ Ձեռեներեցության համաշխարհային շաբաթի, «Սթարթափ Կանադայի» և «Սթարթափ Բրիտանիայի» առաջնորդների նախաձեռնությամբ: Այսօր այն համախմբում է ձեռներեցական հայեցակարգեր մշակողների, ձեռներեցության զարգացման ծրագրեր իրականացնողների և ձեռներեցության էկոհամակարգերի հետազոտողների աշխարհի 57 երկրներից:

Այսօր այն համախմբում է ձեռներեցական հայեցակարգեր մշակողների, ձեռներեցության զարգացման ծրագրեր իրականացնողների և ձեռներեցության էկոհամակարգերի հետազոտողների աշխարհի 57 երկրներից:

​2015 թվականի սեպտեմբերի 27-ից ​​​Startup Nations-ին անդամակցում է հայաստանյան Սթարթափ Արմենիա կազմակերպությունը, որը Հայաստանում և ողջ աշխարհում Ձեռներեցության զարգացմանն ուղղված հայեցակարգերի և նախաձեռնությունների մշակման կենտրոն է: ittrend.am-ը հարցազրույց ունեցավ կազմակերպության հիմնադիր և նախագահ Հայկ Ասրիյանցի հետ՝ պարզելու, թե ինչ նորություններ, ծրագրեր և համագործակցության նոր հորիզոններ կան:

​«​​​Startup Nations-ը միջազգային նախաձեռնության նպատակն է իր անդամների միջև երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության միջոցով մշակել, կատարելագործել և տարածել ձեռներեցական հայեցակարգերն ու զարգացման ծրագրերը, հետազոտել և չափել դրանց արդյունավետությունը, բացահայտել և կանխարգելել ոչ արդյունավետ հայեցակարգերի ու ծրագրերի կիրառումը»,- նշեց Ասրիյանցը:

Սթարթափ Արմենիան իրականացնում է 3 առաջնային գործառույթ, որոնք կոչված են միմյանց փոխլրացնելու և սիներգետիկ ազդեցություն թողնելու.

  • կրթության ոլորտի և գործարար միջավայրի հայեցակարգերի մշակում,
  • ձեռներեցական արդյունավետ ծրագրերի մշակում և իրականացում,
  • ձեռներեցության տարածում Հայաստանում և Հայաստանի՝ որպես ձեռներեցական կենտրոնի առաջխաղացում աշխարհում:
f02db322-801b-4ffe-a2fd-c695d88f4cef

Հայկ Ասրիյանց

«Մեր կազմակերպությունը շեշտը հատկապես դնում է կրթական բարեփոխումների վրա: Մենք ձգտում ենք հասնել նրան, որ հայաստանյան դպրոցներում որպես պարտադիր առարկաներ ընդգրկվեն նաև ծրագրավորումը և ձեռներեցությունը: Եվրոպական 11 երկրի և տարածաշրջանի դպրոցներում ձեռներեցությունը արդեն իսկ ներառված է որպես պարտադիր դպրոցական առարկա, սակայն մենք ոչ թե կուրորեն կրկնօրինակում ենք մեր եվրոպացի բարեկամների նախաձեռնությունները, այլ գիտակցում ենք դպրոցական տարիքում երեխային ձեռներեցական փորձ տալու կարևորությունը: Ձեռներեցական կրթությունը նպաստում է ճկունության, նորարարության և այլ ունակությունների ձևավորմանը, որոնք կարևոր կլինեն անհատին և ողջ հասարակությանը ապագայում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան առաջինն էր Եվրոպայում, որ ձեռներեցական կրթության ռազմավարություն ներդրեց դեռ 2003-ին, իսկ 2004-ին նրան հետեւցին Նորվեգիան և Լիտվան: Ուսումնասիրելով այս և այլ երկրների փորձը և հաշվի առնելով Հայաստանի կրթական համակարգի առանձնահատկություններն ու միտումները՝ անհրաժեշտ է մեր հայեցակարգը մշակել: Եվ նույնը վերաբերվում է ծրագրավորմանը: Մենք հետևում ենք տեխնոլոգիաների զարգացմանը ու ապագայի մասնագիտությունների ձևավորմանը և վստահ ենք, որ եթե մեր հասարակությունը ցանկանում է կրթել սերունդ, որն ապագայում պահանջված կլինի աշխատաշուկայում, և դեռ ավելին՝ կկարողանա ստեղծել աշխատատեղեր, ապա հենց հիմա պիտի տանք դպրոցականներին դրա համար անհրաժեշտ գիտելիքները և ունակությունները»,- մանրամասնեց Ասրիյանցը:

«Մեր առջև դրված այս և այլ խնդիրների լուծման գործում շատ կարևոր են Ս​թ​ար​թ​ափ Նեյշնզի ամենամյա հավաքները`վեհաժողովները և «չկոնֆերանսները», որոնք տևում են ​երեք-​չորս օր: Այս հավաքներին մասնակցում են ներկայացուցիչներ՝ ​նախաձեռնությանը անդամակցող երկրներից ​և հնարավորություն ստանում փոխանակվելու փորձով, քննարկելու արդիական թեմաները, միջազգային և տարածաշրջանային համագործակցության ձևաչաձեր ստեղծելու: Լիովին մի բան է որևէ տեղ կարդալ, թե այսինչ երկրում ինչ-որ մի նոր հայեցակարգ են իրականացրել և լիովին այլ բան է հանդիպել այդ հայեցակարգը մշակողների և կիրառողների հետ և հենց նրանց հետ պաշտոնական և ոչ պաշտոնական միջավայրում քննարկել դրա մշակման և ներդրման առանձնահատկությունները, բարդությունները, ազդեցությունը ձեռնարկատիրական էկոհամակարգի վրա: Այս վեհաժողովների և համաժողվների ընթացքում անցկացվում են նաև մասնակից երկրների ՓՄՁ ոլորտը համակարգող նախարարների հանդիպումներ, որոնց մասնակցում են նաև Համաշխարհային բանկի և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ»,-պարզաբանեց Սթարթափ Արմենիայի հիմնադիրը:

55b18f93-e572-422e-8335-67d44cfb31d2Այն հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնական մակարդակով որևէ կերպ մասնակցում է այս վեհաժողովներին և նախարարների հանդիպումներին, Ասրիյանցը ափսոսանքով նշեց, որ արդեն երկրորդ տարին է՝ էկոնոմիկայի նախարարը հրավեր է ստանում, սակայն չի կարողանում մասնակցություն ունենալ, սակայն նաև հույս հայտնեց, որ գուցե հաջորդին ստացվի. 2017-ին Ձեռներեցության համաշխարհային համաժողովը տեղի է ունենալու Հարավային Աֆրիկայում՝ Յոհանեսբուրգում:

Այն հարցին, թե արդյոք այս վեհաժողովների և համաժողովների​ ժամանակ հենց իրենք` սթ​ար​թ​ափները, հնարավորություն ունենում են մասնակցելու և բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները, Ասրիյանցը պատասխանեց, որ այս հանդիպումները շատ կարևոր են ​հայեցակարգեր և նախաձեռնություններ մշակողների համար, բայց վերջիվերջո իրենք դա անում են հենց ձեռներեցների և ս​թ​ար​թ​ափների հիմնադիրների համար: «Այս տարի Կոլումբիայի Մեդելին քաղաքում տեղի ունեցած համաժողովին մասնակցում էին մոտ 160 երկրի ներկայացուցիչներ, և դա շատ լավ հնարավորությունն էր՝ շփվելու հենց սկսնակ ձեռներեցների հետ և հասկանալու նրանց խնդիրները: Շատ կարևոր է լսել և իմանալ նաև ձախողված հայեցակարգերի և նախաձեռնությունների մասին, քանի որ դա հնարավորություն է տալիս վերլուծել ձախողումների պատճառները և չկրկնել սխալները»,-ասաց Ասրիյանցը:


screenshot-www.startupnations.org 2016-03-29 16-24-31Իսկ այն հարցին, թե այս հանդիպումների և ընդհանրապես Սթարթափ Արմենիայի ստեղծման և գործունեության արդյունքում ինչ փոփոխություններ, նորարարություններ, նախագծեր են արվել Հայաստանում, Ասրիյանցը պատասխանեց, որ դեռևս չանդամակցելով​​​ Startup Nations-ին՝ իրենք արդեն իսկ զբաղվել են հայեցակարգերի մշակմամբ և համագործակցելով հայաստանյան գործընկերների` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Գործարարության աջակցման գրասենյակի (EBRD Business Support Office), ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի հետ, մասնակցել հյուրատնային բիզնեսի հարկային դաշտի փոփոխության և նոր հայեցակարգի մշակման գործընթացին: «Մենք սկսեցինք տուրիզմի ոլորտից, քանի որ գիտակցում ենք դրա կարևորությունը և հեռանկարները Հայաստանում: Այսօր, երբ օրենքն արդեն ուժի մեջ է մտել, հյուրատները սկսել են օգտվել այս արտոնություններից, և նոր հյուրատներ են բացվում, մենք վստահորեն կարող ենք ասել, որ բոլոր շահառուների հետ կառուցողական երկխոսության միջոցով հնարավոր է հաջողված հայեցակարգեր մշակել և կիրառել, ու համատեղ ուժերով հասնել շոշափելի փոփոխությունների»,-նշեց Ասրիյանցը:

Եվ վերջում, որպես ամփոփում, խոսեցինք Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարների և սպասվող նորությունների մասին և թե ինչ դեր կխաղա ​​​Startup Nations-ի հետ համագործակցությունն այս ամենի վրա: «Մենք հինց հիմա վերլուծում ենք ​ՏՏ ոլորտի զարգացման վերաբերյալ վերջին հրապարակված տվյալները, որպեսզի հասկանանք, թե ինչ արդյունքներ ունենք և ինչպիսի հայեցակարգեր և նախաձեռնություններ են անհրաժեշտ՝ ոլորտը և հատկապես սթարթափների էկոհամակարգը բարելավելու համար: Ինչպես արդեն նշեցի, սերտորեն աշխատելով մեր արտասահմանյան գործընկերների հետ՝ մենք ուսումնասիրում են իրենց երկրներում կիրառվող կրթական հայեցակարգերը՝ ծրագրավորումը և ձեռներեցությունը Հայաստանի դպրոցներում որպես կրթական ծրագրի առանձին առարկաներ ներառելու նպատակով: Մենք նաև մշակում ենք ​Հայաստանում տեխնոլոգիական սթարթափների ներդրողների համար արտոնությունների հայեցակարգը, որը նույնպես շատ կարևոր թեմա է և առանձին քննարկման կարիք ունի»,-նշեց Ասրիյանցը:

Վերջում հավելենք, որ կազմակերպության հիմնադիրները կանգնած են եղել Հայաստանում ​տեխնոլոգիական ս​թ​ար​թ​ափների շարժման ակունքներում՝ իրականացնելով դրանց ձևավորմանն ու զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններ. սկսած Հայաստանում դեռ 2011-ին անցկացված «Սթարթափ Ուիքենդ Երևան»-ից (Startup Weekend Yerevan) մինչև անցյալ տարվա հայ-լիբանանյան «Ուլթրալայթ» հեքըթոնը (Ultralight Hackathon): Ի դեպ, արդեն շուրջ մեկ տարի է, ինչ Սթարթափ Արմենիային է վստահվել նաև ​Հայաստանի և Սփյուռքի տեխնոլոգիական սթարթափներին նվիրված «Երևան Սթարթափս» (Yerevan Startups) մեդիա-նախագծի տնօրինումը:

Զրուցեց Ալբերտ Աբրահամյանը

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ