Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն: Այն հիմնվել է 2011 թվականին և զբաղվում նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաև տնօրենների խորհրդի նախագահն է: «Մոդեռնա թերափեութիքս»-ի հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից: Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում և Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում: ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի և գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի հետ, այնուհետև նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մոդեռնա թերափեութիքս»-ում, ծանոթացել ընկերության գործունեությանը, օգտագործվող նոր տեխնոլոգիաներին և միջազգային մի շարք խոշոր դեղագործական ընկերությունների ու հետազոտական հաստատությունների հետ համագործակցություն հաստատած այդ ընկերության առաջիկա ծրագրերին:

Հանրապետության նախագահը նույն օրը այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ և կրթական այդ հաստատության մեդիա լաբորատորիա: Սերժ Սարգսյանը նախ հանդիպում է ունեցել ինստիտուտի ռեկտոր Ռաֆայել Ռայֆի հետ, ապա մեդիա լաբորատորիայի համահիմնադիր Նիկոլաս Նեգրոպոնտեի և «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մեդիա լաբորատորիայում, որից հետո այցելել է «Սամբերգ» համաժողովների կենտրոն: Այստեղ տեղի է ունեցել ամերիկահայ գիտնականների մասնակցությամբ ընդունելություն և հանդիպում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ու շրջանավարտների հետ: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

«Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի մեդիա լաբորատորիաների հետ հայաստանյան գործընկերների համագործակցությունը էապես հարստացրել է Հայաստանի կրթությունը նորարարական գաղափարներով և ծրագրերով: Հայաստանում ստեղծված «Այբ» դպրոցը կարելի է իրավամբ համարել դրա արդյունքը: Նոր կրթական բովանդակության և միջավայրերի ստեղծման մեր որոնումների մեջ մեծ դերակատարում են ունեցել մի շարք հայտնի գիտնականներ, մասնավորապես` Սիմոր Փափերթը և Բիլ Միտչելը: Մենք շատ շնորհակալ ենք: Այս տարի Հայաստանում բացեցինք երկու արհեստական ինտելեկտի լաբորատորիա, որոնք նորարարության և ստեղծագործելու մեծ հնարավորություն ընձեռեցին ճարտարագիտությամբ և տեխնոլոգիաներով հետաքրքրված հայ երիտասարդներին: Այս ինստիտուտում մշակված «Շրջված դասասենյակ» ծրագրի ներդրումը Հայաստանում տալիս է զգալի արդյունքներ և էապես փոխում սովորողների ու ուսուցիչների պատկերացումները ժամանակակից կրթության մասին»,- իր խոսքում նշել է նախագահը:

Բաժիններ: Հայաստան