Բյուրականում կանցկացվի NASA-ի Տիեզերական հավելվածների մրցույթը

Բյուրականում կանցկացվի NASA-ի Տիեզերական հավելվածների մրցույթը

2016 թվականի ապրիլի 22-ից 24-ը ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիան (NASA) արդեն հինգերորդ անգամ անցկացնում է իր միջազգային Տիեզերական հավելվածների մրցույթը (NASA Space Apps Challenge 2016):

Մրցույթի տևողությունը 48 ժամ է (Հայաստանում այն կտևի 24 ժամ` ապրիլի 22-ից 23-ը), որի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը մշակում և տեղական ու միջազգային ժյուրիի գնահատմանն են ներկայացնում իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում անհրաժեշտ է կիրառել տվյալների վիրտուալացում, սարքեր ու սարքավորումներ, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ:

Մասնակից թիմերը մրցելու են հետևյալ վեց թեմաների շուրջ.

– Տեխնոլոգիա,
– Արեգակնային համակարգ,
– Օդագնացություն,
– Երկիր մոլորակ,
– Տիեզերական կայան,
– Ճանապարհորդություն դեպի Մարս:

Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը և կազմակերպիչը X-Tech Creative Studios ընկերությունն է` կազմակերպական հանձնաժողովի նախագահ և ընկերության հիմնադիր տնօրեն Արման Աթոյանի ղեկավարությամբ: Հայաստանի տեղական մրցույթը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում՝ աստղադիտարանի ղեկավարության աջակցության շնորհիվ: Այս պատճառով մասնակից թիմերը պետք է մրցույթին ներկայանան սեփական համակարգչային տեխնիկայով: Մրցույթի անցկացման ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվի էքսկուրսիա աստղադիտարանի տարածքում:

Տեղական միջոցառմանը հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես: Մասնակցության նպատակներն են.

  • ստեղծել մի լուծում, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն,
  • մարտահրավերների լուծումներ առաջարկել՝ օգտագործելով NASA-ի և այլ գլոբալ մասնակից կազմակերպությունների իրական տվյալների շտեմարանները,
  • ներկայացնել թիմի նորարարական լուծումը տեղական և միջազգային ժյուրիին՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով,
  • մրցել NASA-ի նորարարական բաց հարթակում միջազգային ճանաչում ձեռքբերելու համար,
  • ստանալ ոլորտի ճանաչված փորձագետների կարծիքներն ու արձագանքները:

Մրցույթի պայմանն այն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի լինեն այլ մասնակիցների համար:

Մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների քանակը սահմանափակ է: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել https://2016.spaceappschallenge.org/ կայքում՝ մրցույթի մասնակցության վայր ընտրելով Հայաստանը:

Բաժիններ: Հայաստան