CodeFights. նոր խոսք ծրագրային խաղերի աշխարհում (հարցազրույց)

CodeFightsհայկական ստարտափ է, որը թույլ է տալիս խաղի միջոցով ստուգել ծրագրավորման մասին գիտելիքներն ու զարգացնել դրանք։ Այն հնարավորություն է տալիս կատարելագործվել` հակամարտելով այլ խաղացողների հետ: Ծրագիրը 2015թ. ստացել է 2.4 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ հետագա զարգացման համար: Կայքն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում ամբողջ աշխարհով մեկ: CodeFights-ի հիմնադիրներն են Տիգրան Սլոյանը և Արամ Շատախցյանը, ընդ որում՝ կայքի նախագիծը եղել է Սլոյանի մագիստրոսական թեզի թեման: ittrend.am-ը զրուցել է Տիգրանի հետ գաղափարի ստեղծման, զարգացման և հետագա անելիքների մասին:

– Պատմեք մի փոքր նախագծի ստեղծման մասին: Եթե չեմ սխալվում, դա եղել է Ձեր մագիստրոսական թեզի թեման: Ինչպե՞ս զարգացավ գաղափարը:

– Այո, իսկապես, ամեն ինչ սկսվել է MathFights-ից (իմ մագիստրոսական թեզի թեման): Երբ ես և CodeFights-ի համահիմնադիրներից մեկը` Արամը, սովորում էինք դպրոցի բարձր դասարաններում, հաճախ էինք մասնակցում մաթեմատիկական և ծրագրավորման օլիմպիադաների, և դրանք մեծ դեր խաղացին մեր ապագան կերտելու մեջ: Այդ օլիմպիադաները շատ հետաքրքիր ձևով մեզ շատ գիտելիքներ տվեցին մաթեմատիկայի և ծրագրավորման բնագավառում: Բայց այդ ամենով հանդերձ,  այդ օլիմպիադաները կազմակերպվում և անց են կացվում նախահամացանցային ժամանակի մեթոդներով, և MathFights-ի նպատակն էր ստեղծել մի առցանց հարթակ, որտեղ օժտված մարդիկ կկարողանային իրենց մաթեմատիկական գիտելիքները համեմատել և կատարելագործել:

Sloyan
Տիգրան Սլոյան

Ես իրականում մագիստրոսական թեզս չպաշտպանեցի, քանի որ շատ գրավիչ առաջարկներ ունեի Սիլիկոնային հովտից: Բարեբախտաբար, այս միտքը ինձ այդպես էլ հանգիստ չթողեց, և 2013-ին ես և Արամը որոշեցինք ի կատար ածել այդ գաղափարը: MathFights-ը եղել և մնում է բավական հաջողված ծրագիր, բայց այն չուներ բավականին հնարավորություն՝ գլոբալ մասշտաբով ազդեցություն ունենալու համար (ոչ բոլոր մարդիկ են մեր օրերում հետաքրքրվում մաթեմատիկայով): Եվ ի վերջո, այս գաղափարը վերաճեց CodeFights-ի, որը սկսեց իր մեկնարկը 2014-ի օգոստոսից:

Կա՞ն արդյոք նմանատիպ այլ կայքեր կամ հավելվածներ, որոնք առաջարկում են նույն պրոդուկտը, ինչ դուք:

– Իհարկե, ցանկացած լավ գաղափար սովորաբար ունենում են միարժամանակ մի քանի մարդ: Ի դեպ, եթե մտածում եք, որ Դուք միակն եք, ով աշխատում է որևէ տվյալ գաղափարի վրա, ապա Դուք, հավանաբար, չեք արել մանրակրկիտ հետազոտություն՝ գտնելու համար Ձեր մրցակիցներին կամ գաղափարակիցներին, կամ էլ Ձեր գաղափարը չափից դուրս խենթ է: Մեր մրցակիցների թվին են դասվում Hackerrank-ը և Coding Game-ը:

Ի՞նչ հաջողություններ է գրանցել CodeFights-ն իր ստեղծման օրվանից, ինչպե՞ս հասաք դրան:

– Ահա որոշ տեղեկություններ մեր առաջընթացի մասին վերջին մեկ ու կես տարվա ընթացքում` թվերի լեզվով.

  1. 0-ից մինչև 300.000 օգտատեր,
  2. 0-ից մինչև 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում,
  3. 2-ից մինչև 12 թիմակիցներ,
  4. 0-ից մինչև 15 խոշոր գործընկերներ:

Իսկ թե ինչպես ենք մենք հասել դրան, ահա.

  1. Աշխատել ենք ճիշտ նպատակի վրա, ճիշտ ժամանակին,
  2. Եղել ենք եռանդուն և համառ,
  3. Համաշխարհային որակի թիմ ենք կազմել,
  4. Կարևոր պահերին բախտը մեզ ժպտացել է:

Եթե Ձեզ հարցնեն, թե ինչո՞վ է տարբերվում CodeFights-ն այլ ուսուցողական խաղերից, կամ ընդհանրապես այլ խաղերից, ինչպիսին կլինի Ձեր պատասխանը:

– Ամենամեծ տարբերությունը CodeFights-ի և այլ խաղերի միջև կայանում է դեմ առ դեմ խաղային ոճի մեջ: CodeFights-ը միակ առցանց հարթակն է, որը թույլ է տալիս օգտատերերին մրցել մեկը մյուսի հետ` դեմ առ դեմ: Այս թարմ և նորարար մոտեցումը մեր սկզբնական հաջողության հիմնական բաղադրիչներից մեկն էր:

https://www.youtube.com/watch?v=YaK8J0cxL8c

Կա՞ն արդյոք նոր գաղափարներ, պլաններ և ինչ նորությունների սպասեն Ձեր օգտատերերը:

– Իհարկե, նայելով դրսից՝ կարելի է կարծել, թե CodeFights-ը պատրասի պրոդուկտ է, սակայն իրականում այն, ինչ Դուք տեսնում եք codefights.com կայքում, դեռ շատ փոքր մասն է կազմում մեր վերջնական նպատակի: Մեր տեսլականը կայանում է նրանում, որպեսզի աշխարհում բոլորը հնարավորություն ունենան հետաքրքիր ձևով սովորել ծրագրավորում, այնուհետև, օգտագործելով այդ գիտելիքները, գտնել համապատասխան աշխատանք: Այժմ մենք դեռ այդ ճանապարհի ամենասկզբում ենք:

Ի՞նչ կմաղթեք սկսնակներին (ստարտափերներին), ինչից սկսեն և, ամենակարևորը, ինչից չվախենան:

– Եթե մեկ խորհուրդ տայի նորսկսնակ ձեռներեցներին, ապա դա կլիներ հետևյալը` մի սկսեք Ձեր ստարտափը միայն այն պատճառով, որ մտածում եք, թե ստարտափ անելը նորաոճ է, իրականում, եթե Դուք կարող եք ինքներդ Ձեզ ստիպել ստարտափ չանել, ապա դա է ճիշտ մոտեցումը: Կառուցել որևէ բան ոչնչից և անել դա համաշխարհային մակարդակով շատ-շատ բարդ պրոցես է, հաջողության գրավականը այն է, որ Դուք ամբողջ սրտով սիրեք այն, ինչ անում եք՝ անկախ նրանից, թե դա նորաոճ է, թե ոչ:

Զրուցեց Ալբերտ Աբրահամյանը