Ինչ անել, որ տեղեկատվությունը մեր դեմ գործող զենք չդառնա

Վերջին մի քանի օրերին տեղի ունեցած և շարունակվող դեպքերը մեծ արձագանք են ստացել ոչ միայն լրատվական կայքերում, այլև սոցցանցերում, որոնք դարձել են տեղեկատվության տարածման հզոր գործիք։ Սակայն մեզանից շատերը տեղյակ չեն ինֆորմացիայի տարածման բոլոր նրբություններին, այդ իսկ պատճառով առաջանում են բազմաթիվ խնդիրներ:

Ինչպես media.am կայքում գրում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, տվյալ պարագայում պետք է կարողանալ տարբերել աղբյուրները, որոնք, ընդհանուր հաշվով, կարելի է բաժանել մի քանի խմբի` ամեն մեկն իր խնդիրներով․

Ա. Սեփական երկրի պաշտոնական տվյալները։ Այստեղ կան մի շարք խնդիրներ․ պաշտոնական տեղեկատվությունը հաճախ ուշանում է։ Ինչ-որ տեղեկատվություն թաքցվում է` ելնելով գաղտնիության սկզբունքներից։ Ինչ-որ տեղեկատվություն կարող է թաքցվել նաև կամայական սկզբունքով կամ խուճապից խուսափելու համար։ Բացի դրանից` ինչ-որ տեղեկատվություն կարող է միտումնավոր խեղաթյուրված լինել` հակառակորդին թյուրիմացության մեջ գցելու, քարոզչական, հոգեբանական ազդեցություն ունենալու կամ այլ դրդապատճառներից ելնելով։

Բ. Հակառակորդի կողմից տարածված տեղեկատվություն։ Այս կարգի տեղեկատվությունն ինքնին հաճախ կառուցված է լինում այնպես, որ հոգեբանական ազդեցություն ունենա հենց հակառակորդի հասարակության, այսինքն` մեզ վրա։ Բացի այդ` սրան ավելանում են բոլոր խնդիրները՝ կապված Ա կետի հետ:

Գ. Լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկատվություն։ Այստեղ սկսվում է ամենաբարդը, քանի որ լրատվամիջոցները շատ տարբեր են և հաղորդում են սխալ տեղեկություններ, քանի որ.

  • Իրականում լրատվամիջոց չեն, այլ տնազ (պահպանված է հեղինակի ոճը – խմբ.):
  • Ոչ պրոֆեսիոնալ են կամ կիսապրոֆեսիոնալ, ինչը լրագրության դեպքում նույն բանն է:
  • Դիտավորյալ ապատեղեկատվություն են տարածում:
  • Համարում են, որ մասնակցում են տեղեկատվական պատերազմին և ապատեղեկատվություն են տարածում` բարի մտադրություններից ելնելով:
  • Լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են ստանում իրենց աղբյուրներից:

Դ. Սոցիալական ցանցերը։ Այստեղ սկսվում է իսկական մղձավանջ, քանի որ․

  • Սոցցանցերը շատ են և տարբեր կարգի տեղեկատվություն են տարածում։ Բոլորի հետևից դժվար է ընկնել։ Բայց ցանկություն կա։ Եվ, որպես հետևանք, մարդու գիտակցությունը շատ արագ գերծանրաբեռնվում է մեծաքանակ տեղեկատվությամբ, ինչը սկսում է բթացնել, հոգնեցնել, ճնշել։
  • Սոցցանցերում բոլորը տրված են հուզականին, ինչը նույն հուզականի մեջ ընկած մարդու համար լուրջ փորձություն է դառնում։ Մի բան է, որ դու ես էմոցիանալ, բայց ուրիշ բան, երբ դիմացինդ․ դա դժվար տանելի է հաճախ։
  • Սոցցանցերում բոլորը փորձագետ են, այդ թվում` Դուք։ Հասարակությունը, որտեղ բոլորը փորձագետ են, ապագա չունի։
  • Պատերազմական իրավիճակում բոլորը գրում են մի քանի անգամ ավելի շատ, քան խաղաղ օրերին։ Բացի դրանից` այս օրերին սկսում են գրել նաև նրանք, ովքեր սովորաբար միայն կարդում էին։ Որպես հետևանք` գրառումների թիվը դառնում է այնքան մեծ, որ մարդ չի հասցնում եղածը ընկալել։
  • Սոցցանցերը վխտում են թշնամու գործակալներով։ Որքան էլ զավեշտալի կարող է հնչել այս արտահայտությունը, այն բացարձակ իրականություն է»։

Սամվել Մարտիրոսյանն իր նյութում ավելացնում է նաև որոշ տեղեկատվություն այսպես կոչված տեղեկատվական հիգիենայի մասին, դրանք են`

  • Փորձել հնարավորինս շատ մտածել, քիչ տրվել զգացմունքներին։ Կարող է շատ վերացական թվալ, բայց սա միակ միջոցն է թացը չորից տարբերելու։ Զգացմունքների մեջ իրեն կորցրած մարդն սկսում է որպես ճշմարիտ ընկալել միայն իրեն դուրեկան տեղեկատվությունը։
  • Գիտակցել, որ ճշմարիտ տեղեկատվությունը կարող է լինել նաև ոչ դուրեկան, պատերազմական վիճակում միայն մի կողմին գոհացնող դեպքեր չեն լինում:
  • Ցանկացած տեղեկատվություն ի սկզբանե ընկալել որպես հնարավոր, ոչ թե իրական փաստ, փորձել ստուգել մի քանի աղբյուրից:
  • Չօգտվել անծանոթ, առաջին անգամ տեսած աղբյուրներից։
  • Չօգտվել աղբյուրներից, որոնք սենսացիոն վերնագրեր են հրապարակում:
  • Հակառակորդի պաշտոնական հայտարարություններին, լրատվամիջոցների տվյալներին ծանոթանալ, բայց ստի կանխավարկածով, մինչև այլ` ավելի վստահելի աղբյուրներից տեղեկատվություն չստացվի:
  • Ընտրել մի քանի վստահելի աղբյուր` այն լրատվամիջոցները և փորձագետներին, որոնք ժամանակի ընթացքում հասցրել են ապացուցել, որ տարածում են միայն ստուգված տեղեկատվություն, իսկ սխալվելու դեպքում հետագայում իրազեկում են դրա մասին ընթերցողներին:

Կարդացեք նաև.

Նոր վիրուս Facebook-ում

Ինչպես Facebook-ում ազատվել կեղծ տեղեկատվության ստացումից

Թե ինչպես են ոմանք օգտագործում Ղարաբաղի դեպքերը

Սամվել Մարտիրոսյան. ինչպես պաշտպանել Facebook-յան էջը հաքերներից

Ո՞ր կայքերից ու սոց. էջերից ստանալ ՀԱՎԱՍՏԻ ինֆորմացիա