3D տպագրության հայկական շունչը (հարցազրույց)

Ամբողջ աշխարհում լայն տարածում է գտել 3D տպագրությունը, և այս ոլորտը իր հաստատուն զարգացումն է ապրում նաև Հայաստանում, որտեղ նույնպես կան ընկերություններ, որոնք առաջարկում են 3D տպագրության ծառայություն: Այդպիսի ընկերություններից մեկն է detal.am-ը, որի հիմնադիր տնօրեն Արա Մարգարյանի հետ հարցազրույց ունեցավ ittrend.am-ը:

– Ե՞րբ է սկսել գործել ընկերությունը, և ինչպե՞ս ծնվեց գաղափարը:

– «Երկիր Մոլորակ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2000թ․ և շուկայում առաջարկում է տարբեր տեսակի ծառայություններ, իսկ ընկերության դետալաշինական մասը` detal.am-ը, ստեղծվել է 2014-ին: Նույն թվականին ստեղծվել է նաև Detal.am կայքը, որտեղ ներկայացված են մեր պրոդուկտները և ծառայությունները:

– Ի՞նչ արտադրանք է տալիս ընկերությունը, և արտադրական ի՞նչ ծավալների հնարավորություն այն ունի: 

– Ցանկացած պլաստմասե դետալներ` կենցաղային տեղնիկայի մասեր, արտադրական տարատեսակ նպատակներով, մեքենայի և այլ սարքավորումների համար պահեստամասեր, դեկորատիվ դետալներ և այլն: Ընկերության արտադրանքը կարող է կիրառվել ամենատարբեր ոլորտներում` սկսած կենցաղային տարբեր մասերից և վերջացրած խոշոր արդնյունաբերության համար անհրաժեշտ պարագաներից: Ծավալների հետ կապված՝ ոչ մի խնդիր և սահմանափակում չունենք:

– Ուսումնասիրե՞լ եք տեղական շուկան, և կա՞ արդյոք նման արտադրանքի պահանջարկ Հայկական շուկայում: 

– Այո, իհարկե, նման արտադրանքի պահանջարկ Հայաստանում կա: Ընկերությունը փորձում է նաև արտահանել իր արտադրանքը դեպի Ռուսաստան և պատվերներ կատարել նաև այնտեղ, սակայն այդ ուղղությամն դեռ նոր ենք սկսել աշխատել, և առայժմ շատ բան չեմ կարող ասել դրա մասին, բայց աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են:

– Ի՞նչ ընկերությունների և կազմակերպությունների հետ եք համագործակցում:

– Կան բավականին շատ կազմակերպություններ, որոնց հետ այժմ համագործակցում ենք: Դրանք տարբեր բնագավառներից են: Կան ընկերություններ, որոնք մեզ համար որևէ բաներ են նախագծում և կան համագործակցության դեպքեր, երբ մենք ենք ուրիշների համար որևէ բան նախագծում: Այսինքն՝ համագործակցությունը երկկողմանի է: Մենք բավականին շատ ընկերությունների համար իրականացնում ենք 3D տպագրության պատվերներ և այլն:

 – Կա՞ն արդյոք Հայաստանում այլ նմանատիպ ընկերություններ, որոնք առաջարկում են նման ծառայություններ: 

– Երբ սկսում էինք մեր գործը, այդ ժամանակ նմանատիպ ընկերություններ չկային: Այն ժամանակ 3D-տպիչները շատ քիչ էին մեր երկրում և դրանք այդքան էլ տարածված չէին: Հիմա կարծում եմ, որ կլինեն, քանի որ 3D-տպիչների գները բավականին նվազել են, և մարդիկ շատ անգամ ձեռք են բերում դրանք նույնիսկ իրենց անձնական օգտագործման համար: Վերջին տարիներին մենք չենք ուսումնասիրել շուկան, սակայն համոզված եմ, որ նման ընկերություններ այժմ կան:

– Դուք ընդունում եք միայն մեծածա՞խ պատվերներ, թե՞ կատարում եք նաև անհատական պատվերներ: 

– Մենք ընդունում ենք թե´ մեծածախ, թե´ մանրածախ պատվերներ: Իհարկե, պատվերի քանակի հետ կապված գները տարբերվում են:

– Իսկ ո՞րտեղից եք վերցնում արտադրանքի հումքը` տեղական վերամշակված թափոններից, թե՞ ներկրում եք արտերկրից:

– Հիմնականում հումքը ներմուծում ենք այլ երկրներից`Չինաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Մենք փորձել ենք ներգրավել տեղական արտադրողներին, բայց նրանց տրամադրած հումքով որակ չկարողացանք ապահովել: Իհարկե, մեզ համար շատ ավելի հարմար է, որ մեր գործընկերները լինեն տեղական արտադրողներ, սակայն առայժմ դրան հասնել չի ստացվում` զուտ հումքի որակի խնդրի հետ կապված: Հուսով եմ, որ ապագայում կկարողանանք որակյալ արտադրանք ստանալ՝ նաև տեղական արտադրողի հետ համագործակցելով:

Զրուցեց Ալբերտ Աբրահամյանը