Մեկնարկել է «Բաց խաղ» առաջնության հայտերի գրանցման փուլը

Մեկնարկել է «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 6-րդ ամենամյա առաջնության հայտերի գրանցումը: Խաղերի նախագծման ոլորտն այսօր աշխարհում ամենազարգացած և տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկն է: «Բաց խաղ» առաջնության կազմակերպիչները նպատակ ունեն Հայաստանում նույնպես զարգացնել խաղային ինդուստրիայի ոլորտը, ստեղծել նոր բիզնես միջավայր և բարձրակարգ մասնագետներ:

«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն անցկացվում է 3 փուլով, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացնում են իրենց կողմից ստեղծված համակարգչային և բջջային խաղերը, ապա փուլ առ փուլ պրոֆեսիոնալ ժյուրիի օգնությամբ զարգացնում դրանք: Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի ստեղծման ոլորտի հայաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ:

«Ամենամյա այս մրցույթի շնորհիվ մենք բացահայտում և խրախուսում ենք տեխնոլոգիական ոլորտում ներուժ ունեցող երիտասարդներին, նպաստում նրանց հմտությունների զարգացմանը: Մրցույթի մասնակիցները բացի այն, որ խաղերի ստեղծման մեծ գիտակ են դառնում, նաև ապագայում կարող են հանդիսանալ որպես ռազմաարդյունաբերական համալիրի մասնագետներ,- նշում է «Բաց խաղ» առաջնության կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Մեր ընկերությունը մշտապես կարևորել է նոր սերնդի կրթական զագացման աջակցությունը և տարիների ընթացքում մեծ ներդրում է կատարել թե´ ՏՏ ոլորտի զարգացման, թե´ այդ ոլորտում երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ: ԻՏՁՄ-ի հետ համագործակցությամբ հիմնել ենք ինժեներական լաբորատորիաներ ինչպես երևանյան, այնպես էլ մարզային, նաև՝ սահմանամերձ գյուղերի դպրոցներում: «Բաց խաղ» առաջնությունն այս համագործակցության տրամաբանական շարունակությունն է, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ծրագրավորման և կոդավորման ոլորտում բացահայտել և զարգացնել մեր երիտասարդ սերնդի ներուժը, որը հետագայում հիմք կծառայի խաղերի նախագծման ոլորտի զարգացմանը, բացի այդ՝ հնարավորություն կընձեռի ձեռք բերված կոդավորման հմտությունները հետագայում գործածել նաև այլ բնագավառներում», – նշում է «Բաց խաղի» համակազմակերպիչ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

IMG_3230

«Արդեն երկրորդ տարին է, ինչ ‪‎Huawei-ը հանդես է գալիս որպես ‪‎«Բաց խաղ» մրցույթի պաշտոնական գործընկեր: Մենք խիստ կարևորում ենք Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումը և երիտասարդ սերնդի առաջխաղացումը, այս պատճառով էլ շարունակական աջակցություն ենք ցուցաբերում կազմակերպիչներին և հաջողություն մաղթում բոլոր մասնակիցներին», – ընդգծում է Huawei ընկերության տնօրեն Տաթև Սարգսյանը:

Նշենք, որ առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ: Կլինեն նաև խրախուսական այլ մրցանակներ, այդ թվում՝ տեխնիկա:

«Բաց խաղ» առաջնության մասնակցության հայտը և այլ մանրամասներ ներկայացված են www.opengame.am կայքում: