Microsoft-ը պաշտոնապես թողարկել է Word Flow ստեղնաշարն iOS-ի համար

Microsoft-ը պաշտոնապես թողարկել է Word Flow ստեղնաշարն iOS-ի համար

Հայտնի է դարձել, որ Microsoft ընկերությունը թողարկել է նախապես Windows Phone-ի համար նախատեսված, այժմ արդեն iOS ՕՀ-ի համար պատրաստված Word Flow ստեղնաշարը: Այն մասին, որ Word Flow-ն կթողարկվի նաև iOS-ի համար, առաջին անգամ հայտնի դարձավ այս տարվա հունվարին, սակայն այժմ ընկերության կայքում հայտնվել է մի էջ, որն առաջարկում է անդամագրվել ստեղնաշարի բետա-տարբերակի փորձարկումների համար: Ինչպես և Windows Phone տարբերակը, ստեղնաշարի iOS տարբերակով նույնպես հնարավոր է հավաքել տեքստը` սեղմելով կոճակների վրա կամ դրանց վրա սահեցնելով մատը, ստեղնաշարն ընթացքում կհուշի նաև մուտքագրման համար հարմար բառեր:

Ստեղնաշարի iOS տարբերակում ավելացել է երկու նոր ֆունկցիա, որոնք չկան Windows Phone տարբերակի վրա: Դրանք են` որպես ֆոնային լուսանկար սեփական լուսանկարները տեղադրելը, ինչպես նաև «մեկ ձեռքի» ռեժիմը: Այս երկրորդ ֆունկցիան շատ հետաքրքիր է և օգտակար, այն թույլ է տալիս տեղաշարժել ստեղնաշարը սարքի էկրանի ներքևի անկյուններից որևէ մեկը` այդպիսով հարմարեցնելով այն մեկ ձեռքով օգտագործելու համար:

Աղբյուրը` The Verge