Հայկական ստարտափի ստեղծած խելացի բաժակը IndieGoGo-ում հավաքել է 186,000 դոլար

Yecup 365-ը առաջին բաժակն է, որի ջերմաստիճանը կարելի է կարգավորել օգտատիրոջ նախասիրությամբ՝ կախված եղանակից: Հատուկ հավելվածի միջոցով ձմռանն այն կտաքացնի ըմպելիքը, իսկ ամռանը կսառեցնի այն: Yecup 365-ն ունի ջերմաստիճանի լուսային ցուցիչ, լիցքավորվում է լարով կամ անլար եղանակով, նախատեսված է նաև, որ այն հնարավոր լինի լիցքավորել մեքենայի մեջ ու բաժակը հարմարավետ տեղափոխել:

Բաժակը ստեղծվել է 8 երիտասարդների ջանքերով, որոնցից յոթն ազգությամբ հայ են: Ինչպես պարզեցինք, ստարտափի հիմնադիր Վիգեն Սանահյանը սուրճի սիրահար է և 2012թ.-ից սկսել է սառը սուրճի սեփական բիզնեսը: Սուրճի հանդեպ սերը նրան դրդել է ավելի ստեղծագործ մոտեցում ցուցաբերել ոլորտի հանդեպ և դարձնել սուրճի սիրահարների կյանքն առավել հարմարավետ:

յեկ3

Ստարտափի գործունեության համար IndieGoGo կայքում հավաքվել է նախատեսվածից մի քանի անգամ ավել գումար: Նախնական նպատակը 30.000 դոլարն էր. այժմ դեռ 21 օր կա դրամահավաքի ավարտին, սակայն հավաքված բյուջեն կազմում է 186,122 ԱՄՆ դոլար: IndieGoGo-ի դրամահավաքի ընթացքում ձեռք բերելու դեպքում խելացի բաժակի գինը սկսում է 115 դոլարից:

Այս լայնամասշտաբ և ավելի քան հաջողված նախագծի շուրջ հարցազրույցը նախաձեռնության հեղինակների հետ ittrend.am-ը կներկայացնի շուտով: