Ի՞նչ անել, եթե Ձեր սմարթֆոնը չի լիցքավորվում

Հավանաբար, շատերը բախված կլինեն սմարթֆոնի լիցքավորման հետ կապված խնդիրների, որոշ դեպքերում սմարթֆոնը, լիցքավորման գործընթացում գտնվելով հանդերձ, ոչ մի կենդանության նշան ցույց չի տալիս: Հաճախ օգտատերերը ճարահատյալ դեն են նետում իրենց սմարթֆոնները, իսկ իրականում կարող են վերացնել պատճառները, որոնց հետևանքով սմարթֆոնը «հրաժարվում» է լիցքավորվել: Առաջարկում ենք կարդալ ստորև ներկայացված խորհուրդները, որոնք, հնարավոր է՝ նոր կյանք հաղորդեն Ձեր սմարթֆոնին:

1. Ջնջե՛ք տարատեսակ աղբը

Եթե Դուք չեք կարողանում բաժանվել Ձեր սմարթֆոնից և ոչ մի րոպե, պահում եք այն գրպանում և տանում եք այն նույնիսկ ծովափ, ապա, հավանաբար, լիցքավորման բնում կուտակված կլինի բավականաչափ աղբ, ինչն էլ կխոչընդոտի սմարթֆոնի լիցքավորմանը: Դրա համար առաջին հերթին հայացք գցեք USB պորտին, այնուհետև մաքրեք փոշին ատամի խոզանակով:

2. Փոխեք կաբելը

Հաջորդ թույլ օղակը, որը պետք է ստուգել, USB լարն է: Նրանց կյանքը լի է փորձություններով, այդ պատճառով բացառված չէ, որ դրանցից շատերը «կզոհվեն» առանց զգուշացման: Ստուգելու համար կարող եք վերցնել այլ աշխատանքային կաբել և միացնել Ձեր սմարթֆոնին: Եթե դեռ խնդիր ունենաք, ուրեմն կարդացեք հաջորդ խորհուրդը:

3. Փորձարկեք լիցքավորման ադապտերը

Լիցքավորման ադապտերը ևս հաճախ խնդրի առարկա է հանդիսանում: Նախ դիպչեք դրան, որպեսզի ստուգեք ջերմաստիճանը: Չափից շատ տաք, ինչպես նաև չափից շատ սառը ադապտերը կարող է խոսել վերջինիս շարքից դուրս եկած լինելու մասին: Մաքրե՛ք ադապտերի գլխիկը, եթե դրա կարիքը կա: Կամ պարզապես գնեք նոր ադապտեր:

4. Գնեք նոր մարտկոց

Նոր տեխնոլոգիաները դարձրել են մարտկոցներն ավելի երկարակյաց, քան նախկինում էին, սակայն այնուամենայնիվ դրանք «անմահ» չեն: Եթե Դուք ինտենսիվ օգտագործում եք Ձեր սարքը արդեն մի քանի տարի, ապա, ամենայն հավանականությամբ, մարտկոցի կյանքը մոտեցել է ավարտին: Որպեսզի ստուգեք դա, պարզապես հանեք այն և համոզվեք, որ այն չի ուռել և չի ծռմռվել կամ «ծերության» այլ ախտանիշներ չունի:

5. Android օպերացիոն համակարգը հավաքում է սարքի օգտագործման մասին վիճակագրություն, որպեսզի թույլ չտա մարտկոցի ամբողջական լիցքավորում: Որոշ սարքերում ամբողջական լիցքը հանգեցնում է մի շարք խնդիրների՝ կապված ներքին լիցքավորման կարգավորչի հետ, ինչն էլ իր հերթին թույլ չի տալիս սարքին սովորականի պես լիցքավորվել: Այս պարագայում պետք է թարմացնել սմարթֆոնը՝ բերելով նրան գործարանային կարգավորումների: Սա, իհարկե, ծայրահեղ տարբերակն է և պետք է վարվել այսպես այն դեպքում, երբ վերը թվարկված տարբերակները չեն գործի: Սակայն այս քայլին գնալուց առաջ չմոռանաք նախապես պատճենել սմարթֆոնի ողջ ինֆորմացիան:

Աղբյուրը՝ LifeHacker