Տեղի կունենա գիտության և տեխնոլոգիաների մերձեցում թեմայով գիտաժողով

2016թ. ապրիլի 29-ին և 30-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (Science and Technology Convergence) խորագրով գիտաժողով, որի նպատակն է խրախուսել ՏՏ ոլորտի գիտության և արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ: Հարթակը հնարավորություն կտա ՏՏ ոլորտի գիտաշխատողներին ներկայացնել իրենց կողմից իրականացվող և կիրառական հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների արդյունքները: Մասնավոր և պետական հատվածների մասնակիցներն էլ կկարողանան ներկայացնել իրենց գործունեությանն առնչվող գիտական բաց խնդիրները, իսկ բարձր կուրսերի ուսանողները՝ ծանոթանալ ՀՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին:

Գիտաժողովի շրջանակներում ՏՏ ոլորտի գիտության, արդյունաբերության և պետական կառույցների ներկայացուցիչները ներկայացնելու են իրենց կողմից ձեռք բերված արդյունքները, առկա բաց խնդիրները, ինչպես նաև հնարավոր համագործակցության ուղիները՝ հետևյալ ուղղություններով.

• hամակարգչային տեսողություն (computer vision),
• մեքենայական ուսուցում (machine learning),
• տեղեկատվական անվտանգություն (information security),
• միկրոէլեկտրոնիկա (microelectronics):

Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև պանել-քննարկումներ հետևյալ թեմաներով՝
• Անջրպետների կամրջում. գիտություն, արդյունաբերություն և պետական կառույցներ (Bridging gaps: science, industry and state),
• Կրթություն. պահանջարկ և առաջարկ (Education: demand and supply),
• Գաղափարների ձևավորման էկոհամակարգ. Բուհեր, ստարտափեր, աքսելերատորներ, ինկուբատորներ (Idea forming ecosystem: universities, start-ups, accelerators, incubators):

Գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ, ԵԳԱԾ, ՀԵՀ և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) աջակցությամբ։ Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք այցելել www.stcc.am կայք, իսկ հարցերի դեպքում՝ գրել [email protected] հասցեով։