Մեկնարկեց NASA Space Apps Challenge 2016-ը

Քիչ առաջ Բյուրականում մեկնարկեց NASA Space Apps Challenge 2016 մրցույթը, որի մեկնարկից առաջ կազմակերպիչները հակիրճ ներկայացրին միջոռման գաղափարը և պայմանները: Մրցույթին մասնակցում են ինչպես արդեն իսկ ձևավորված , այնպես էլ տեղում ձևավորված թիմեր։

Միջոցառումը տևելու է մինչև 24 ժամ՝ մինչև ապրիլի 23-ի առավոտյան ժամը 12-ը: Space Apps-ն ամբողջ աշխարհով մեկ անցնում է արդեն հինգերորդ անգամ, իսկ Հայաստանում այն անցկացվում է առաջին անգամ։ Մրցույթի ընթացքում թիմերը պետք է ներկայացնեն իրենց գաղափարները հետևյալ թեմաներով.

  • Տեխնոլոգիա,
  • Օդագնացություն,
  • Տիեզերական կայան,
  • Արեգակնային համակարգ,
  • Երկիր մոլորակ,
  • Ճանապարհորդություն դեպի Մարս:

Գաղափարները պետք է լինեն ապագայում կիրառելի։ Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի այլ մասնակիցների համար:

Առաջարկված գաղափարները հետագայում կներկայացվեն  տեղական և միջազգային ժյուրիին՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով: Հաղթողը հայտնի կդառնա վաղը՝ միջոցառման ավարտին։ Հաղթողը կստանա մրցանակ՝ Samsung Galaxy S7 և Gear VR վիրտուալ իրականության ակնոցներ միջոցառման տեխնոլոգիական հովանավոր SoftLine Armenia ընկերության կողմից։

Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը և կազմակերպիչը X-Tech Creative Studios ընկերությունն է: Մրցույթի անցկացման ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվի էքսկուրսիա աստղադիտարանի տարածքում: