Հարկային արտոնություններից օգտվում է արդեն ՏՏ ոլորտի 92 ստարտափ

13064040_1256612761033237_696963376_o
Բագրատ Ենգիբարյան

2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվեց «ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին» օրենքը, որի նախագիծը քննարկվում էր շուրջ 4 ամիս: Համաձայն օրենքի` ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները մինչև 2017 թվականը կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ հավաստագիր ստանալու համար:

Ըստ օրենքի` հավաստագրված ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններն ազատվում են հարկերից, ընկերության աշխատակիցների եկամտային հարկը սահմանվում է 10 տոկոս՝ անկախ աշխատավարձի չափից:

Հարկային արտոնությունները տրվելու են ոչ ավելի, քան 3 տարով: Օրինագիծը նույնպես ժամկետային է, նախատեսված է, որ պետք է գործի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:

«Այսօրվա տվյալներով կարող եմ ասել, որ 12 ամիսների ընթացքում ներկայացվել է 104 հայտ, որից 92-ը ստացել են արտոնություն, 10-ը՝ ոչ, քանի որ չեն դիմել արտոնության համար պետական գրանցման պահից 3 ամսվա ընթացքում, 2 ընկերության տրված արտոնագիր էլ դադարեցվել է, քանի որ իրենց գործունեությունը ընդլայնել են»,- ittrend.am-ի հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Հարկային արտոնություններ ստացած 92 և չստացած 2 ընկերությունների ցանկին ծանոթացեք ստորև.

Հիշեցնենք, որ դեռ 2014-ին էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը կանխատեսում էր, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում Հայաստանում ստեղծվեն տարեկան շուրջ 40-60 սկսնակ ձեռնարկություններ:

Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ վերոնշյալ օրենքի ընդունումից հետո Հայաստանում ստարտափերի ձևավորման աճ է նկատվում 4­-ից 5 անգամ: Եթե 2014 թվականին ստեղծվել է 16 ստարտափ, ապա 2015­-ին՝ օրենքի ընդունումից հետո, ստեղծված կազմակերպությունների թիվը կազմել է 80:

«Օրենքի կիրառումը ճիշտ որոշում էր, քանի որ սկսնակները այլևս չեն վարանում հրապարակային գործունեություն ծավալել և գործել հարկային դաշտում, այլ հակառակը՝ գրանցում են ընկերությունը, վարձակալում են գրասենյակային տարածքներ, ավելացնում են իրենց աշխատակիցների քանակը»,-նշեց ՁԻՀ-ի տնօրենը։

«Բացի այդ ներկայումս Հայաստանում նախաձեռնվում և կազմակերպվում են սկսնակների ստեղծմանն ու աջակցմանը նպաստող շատ ծրագրեր, որոնցից են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող Համաֆինանսավորվող դրամաշորհային մրցույթը, Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը (STEP)»,-ասաց Ենգիբարյանը։ Բացի այդ՝ իրականացվում են նաև Աքսելերացիոն ծրագրեր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։ Ինչպես նաև ներկայումս ակտիվ գործունեություն է ծավալում Գրանատուս վենչուրային հիմնադրամը՝ նպաստելով հայաստանյան նորարար ընկերությունների զարգացմանը: