Այսօր ՏՏ ոլորտում աշխատող կանանց միջազգային տոնն է

2010թ. Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպություն, որը պատասխանատու է ՏՀՏ մտահոգության հարցերի համար) ընդունել է բանաձև, ըստ որի` յուրաքանչյուր տարվա ապրիլի 4-րդ հինգշաբթի օրը պետք է նշվի որպես «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր»: Այս քայլով կազմակերպությունը ձգտել է քաջալերել կանանց՝ ստեղծելու կարիերա ՏՀՏ ոլորտում:

Սակայն Հայաստանում քչերին է հայտնի վերոնշյալ տոնի մասին: Պատճառներից մեկը գուցե այն է, որ Հայաստանում ՏՏ ոլորտը այդքան էլ «կանացի» չի համարվում: Այն, որ Հայաստանն առանձնանում է ՏՏ ոլորտի իր առաջադիմությամբ ողջ տարածաշրջանում, գաղտնիք չէ: Սակայն պետք իմանալ, որ այդ ոլորտում իրենց ներդրումն են ունեցել հայ կանայք՝ կոտրելով «կանացիության» մասին առկա հայկական կարծրատիպերը: Այս առթիվ որոշեցինք զրուցել Synergy International Systems ընկերության արտադրության տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանի հետ՝ որպես ոլորտի կարկառուն ներկայացուցիչ:

հասմիկ
Հասմիկ Մարտիրոսյան

– Ինչպե՞ս մուտք գործեցիք ՏՏ ոլորտ:

– Կարելի է ասել՝ ամբողջ կյանքս հենց այս ոլորտում եմ անցկացրել։ Իմ ընտանիքում բոլորը մաթեմատիկայով և ծրագրավորմամբ են զբաղվել, և այդ «շունչը» զգացել եմ ամբողջ կյանքում։ Ավարտելով ֆիզմաթ դպրոցը՝ առանց երկմտելու ուսումս շարունակել եմ ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Այլ բնագավառ չեմ էլ դիտարկել։ Աշխատել սկսել եմ 17 տարեկանից՝ ուսմանս զուգահեռ։ Ի դեպ, այս հանգամանքը համարում եմ մեր ոլորտի առավելություններից մեկը․ ուսանողները հնարավորություն ունեն ուսման ընթացքում աշխատել և ձեռք բերել նաև պրակտիկ գիտելիքներ։

– Ինչպե՞ս եք Ձեզ զգում ՏՏ ոլորտում՝ հիմնականում շրջապատված լինելով տղամարդկանցով:

– Համաձայն չեմ այս դիտարկման հետ։ Այն ընկերությունում, որտեղ ես աշխատում եմ (Synergy International Systems), գենդերային հավասարակշռությունը լիովին պահպանված է։ Կանայք տեղ ունեն յուրաքանչյուր բնագավառում։ Իսկ թե´ տղամարդկանց, թե´ կանանց հետ աշխատելիս ինձ շատ լավ եմ զգում։ Համարում եմ, որ աշխատանքում կարևորը մասնագիտական գիտելիքներն ու գործի հանդեպ վերաբերմունքն են, այլ ոչ թե սեռը։

– Ի՞նչ եք կարծում՝ կարծրատիպը, որ այս ոլորտում միայն տղամարդիկ են, փոխվու՞մ է, թե՞ ոչ:

– Այո, միանշանակ փոխվում է։ Ուսանողական տարիներին տղաների քանակը զգալիորեն գերակշռում էր։ Աստիճանաբար այս ցուցանիշը փոխվեց՝ ինչն էլ բերեց կին ծրագրավորողների շատացմանը։ Որպես օրինակ՝ մեր ընկերությունում մի քանի տարի առաջ տղամարդիկ ավելի շատ էին։ Մինչդեռ այժմ, ինչպես արդեն նշեցի, կանայք ոչ պակաս կարևոր դեր են խաղում։ Միանշանակ այն համոզման եմ, որ ՏՏ ոլորտը դրանից շահում է։ Կարծում եմ՝ առանց այն էլ մասնագետների սուր պահանջի պայմաններում սխալ է ոլորտը «տղամարդկանց» ոլորտ սահմանել։

Կանայք ունեն պոտենցիալ և´ ծրագրավորման ոլորտում աշխատելու, և´ ՏՏ ոլորտում այլ աշխատանքներ կատարելու համար։ ՏՏ ոլորտը չի սահմանափակվում միայն ծրագրավորման աշխատանքով։ Այլ մասնագիտություններում ևս կանայք կարող են լուրջ ներդրում ունենալ։ Մեր ընկերությունում աշխատող կանայք և´ հիանալի ծրագրավորողներ են, և´ ծրագրի ղեկավարներ, և´ որակի ապահովման մասնագետներ, և´ դիզայներներ։

– Ի՞նչ առավելություն ունեն տվյալ ոլորտում աշխատող կանայք տղամարդկանց հանդեպ և ինչպե՞ս են նպաստում ոլորտի զարգացմանը:

– Ծրագրավորող կանայք շատ հաճախ ունեն ոչ պակաս մտավոր և մասնագիտական պոտենցիալ, քան տղամարդիկ։ Որևէ տարանջատում չեմ կարող դնել։ Բացի դրանից՝ որոշ դեպքերում կանայք կարող են դրսևորել ավելի բարձր պատասխանատվության զգացում։ Ես նկատել եմ, որ շատ դեպքերում տղամարդիկ ավելի լավ են իրենց դրսևորում նորարարական բնույթի աշխատանքներում, մինչդեռ կանայք ավելի հուսալի կարող են լինել ամենապատասխանատու աշխատանքները կատարելիս։ Բացառություններ, իհարկե, լինում են։

Ավելին, ես նկատել եմ, որ շատ դեպքերում այն կանայք, ովքեր ունեն ընտանիք և երեխաներ, կարողանում են իրենց գործերը շատ լավ համատեղել և դրսևորում են էլ ավելի մեծ պատասխանատվության զգացում աշխատանքում։

– Ի՞նչ կմաղթեք Ձեր կոլեգաներին իրենց մասնագիտական տոնի առթիվ:

– Մնալ կանացի և ունենալ կյանքում ճիշտ բալանս ընտանիքի և աշխատանքի միջև։

Հ.Գ. ittrend.am-ը ևս շնորհավորում է ՏՏ ոլորտում աշխատող բոլոր կանանց տոնը՝ մաղթելով, որ նրանք ավելի բաց լինեն հասարակության համար, չմնան ստվերում և ստանան արժանի գնահատանք իրենց մեծ աշխատանքային ներդրման համար:

Զրուցեց Նուարդ Մինասյանը