Հայկական inKin ստարտափը կօգնի մարզումներն ավելի արդյունավետ դարձնել

21-րդ դարում մարդիկ ավելի լավ են հասկանում առողջ ապրելակերպի կարևորությունը, ու նույնիսկ ՏՏ ոլորտն է արձագանքում այս միտմանը. վերջին տարիներին ստեղծվել են բազմաթիվ հավելվածներ և կայքեր, որոնք օգնում են մարզումները դարձնել ավելի պրոդուկտիվ և օգտակար: Կան նաև հավելվածներ, որոնք հետևում են օգտատիրոջ ակտիվությանը, խորհուրդներ տալիս և այլն:

Ահա վերջերս ներկայացվել է հայկական մի նոր ստարտափ` inKin-ը, որն օգնում է օգտատերերին մարզումներն ավելի ինտենսիվ դարձնելու գործում: ittrend.am-ը զրուցեց inKin-ի համահիմնադիր և արտ. տնօրեն  Արամ Շահինյանի հետ` այս նոր ծառայությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար:

– Ի՞նչ է առաջարկում inKin-ն իր օգտատերերին:

– inKin Social Fitness Platform-ը ներկայացնում է անվճար վեբ և բջջային հավելվածների համակարգ, որը թույլ է տալիս իր օգտատերերին ֆիզիկապես ավելի ակտիվ և մոտիվացված լինել ամեն օր: Հավելվածն աշխատում է պարզ սկզբունքով, օգտատերն ինտեգրում է inKin-ին մեկ կամ ավելի ֆիթնես-թրեքերներ կամ Moves անվճար հավելվածը, ինչից հետո ավտոմատ կերպով սկսվում են հավաքագրվել նրա ֆիզիկական ակտիվության մասին տվյալները, որոնց հիման վրա օգտատերը սկսում է մրցել և համեմատվել իր ընկերների, հարազատների, ինչպես նաև համակարգի մյուս օգտատերերի հետ:

Այսպիսով, օգտատերը հնարավորություն է ստանում վերլուծել իր ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը (քայլերի քանակ, անցած հեռավորություն, սպառած կալորաներ, ակտիվ րոպեներ և այլ), հետևել իր ընկերների և հարազատների ակտիվությանը, իսկ համակարգում առկա մրցույթները և սոցիալական շփման գործիքները խթանում են նրան չհանձնվել և ապրել ակտիվ կյանքով ամեն օր:

Մեր համակարգի անունը ծնվել է անգլերեն «kin» բառից, և «next of kin» բառակապակցությունից, ինչը թարգմանաբար նշանակում է «մոտիկ ընկերներ, հարազատներ»: Այս պահին մեր համակարգին կարելի է ինտեգրել հետևյալ ֆիթնես-թրեքերները և հավելվածները` Fitbit, Jawbone, Garmin, Withings, Microsoft Band, Misfit, iHealth, Lumo, Moves app, Miband:

inKin 3

– Այն տարբերվում է մնացած ֆիթնես հավելվածներից նաև նրանով, որ դրանում առկա է մրցակցության հնարավորությունը: Դա իրականում շատ լուրջ հոգեբանական գործիք է` նորանոր հաջողություններ գրանցելու համար, երբ օգտատերը կարողանում է տեսնել իր ընկերների գրանցած հաջողությունները կամ լսել նրանց քաջալերող խոսքերը: Ինչպե՞ս ծնվեց նման գաղափար:

– Այո, շատ ճիշտ եք: Մեր անձնական փորձից ելնելով` մենք շատ լավ հասկանում էինք, որ ակտիվ ապրելու համար մարդկանց լուրջ խթան է հարկավոր, մոտիվացիա, և հենց սոցիալական բաղադրիչը և մրցելու հնարավորությունը հանդիսանում են այդ խթանները օգտատիրոջը միշտ «տոնուսի մեջ» պահելու համար:

– Ինչպես հասկացա, հավելվածն այժմ հասանելի է iOS, Android և Windows ՕՀ-ի համար: Ո՞ր ՕՀ- ում այն ավելի մեծ հաջողություն ունի և քանի՞ օգտատեր ունի հավելավածն ընդհանրապես:

– Մինչ բջջային հավելվածների թողարկումը պլատֆորմը գործում էր միայն վեբ հարթակում: Այս պահի դրությամբ մենք ունենք մոտ 10.000 օգտատեր, իսկ բջջային հավելվածների թաղարկումից հետո մեր օգտատերերի քանակը սկսեց կտրուկ աճել: Բջջային հավելվածները թողարկվեցին մի քանի օր առաջ և այս պահին առավել ակտիվ է Android ՕՀ-ն:

– inKin-ի պաշտոնական կայքում առաջարկվում են բազմաթիվ ծառայություններ` տարբեր ապրանքներ իրար հետ համեմատելու հնարավորություն, ֆիթնեսի մասին բլոգին հետևելու և չաթում շփվելու հնարավորություն: Ի՞նչ նոր ծառայություններով կհամալրվի inKin-ը:

– Ցավոք, չեմ կարող շատ փակագծեր բացել, սակայն կնշեմ, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում մեր օգտատերերին կառաջարկենք մի շարք նոր ծառայություններ և հնարավորություններ:


– Քանի՞ հոգուց է բաղկացած Ձեր թիմը և որտե՞ղ եք Դուք ծավալում Ձեր գործունեությունը` միայն Հայաստանում, թե՞ այլ երկրներում ևս:

– Թիմը բաղկացած է 5 հոգուց, սակայն պրոդուկտի աճին զուգահեռաբար թիմը կմեծանա: Հարթակի ստեղծումը ամբողջությամբ կատարվում է Հայաստանում, իսկ մեր թիրախային շուկաներն են ԱՄՆ-ն, Եվրոպան և Կանադան: Մեր օգտատերերի հիմնական մասը հենց այդ երկրներից և աշխարհամասերից են:

– Կայքը, իմիջիայլոց, գործում է միայն անգլերեն լեզվով: Իսկ հավելվածը քանի՞ լեզվով է հասանելի:

– Հավելվածը այս պահին նույնպես հասանելի է միայն անգլերենով, սակայն մոտակա ամիսների ընթացքում այն կթարգմանվի առնվազն 3-4 այլ լեզուներով:

– Զարգացման ի՞նչ հեռանկարներ ունեք:

– Հաշվի առնելով ֆիթնես-թրեքերների շուկայի զարգացման առավել քան պոզիտիվ միտումները՝ կարող ենք պնդել, որ մոտակա մի քանի տարիների ընթացքում այս շուկան կտրուկ աճ է արձանագրելու: Հեռանկարներում են նոր ֆիթնես-թրեքերների ինտեգրումը inKin պլատֆորմին, ֆիթնեսի և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ներգրավումը մեր համակարգում, ինչպես նաև ակտիվ ապրելակերպին նպաստող նոր խթանիչ մեխանիզմների ինտեգրում:

Առաջարկում ենք փորձել հավելվածի iOS կամ  Android տարբերակը և կարծիքը թողնել մեկնաբանություններում: