Հայկական նոր կայք, որը կօգնի տնական ուտեստներ պատվիրել

Օրերս Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում  ներկայացվեց Narinj.am կայքը, որը թույլ է տալիս առցանց պատվիրել տնական ուտեստներ:

Հարթակի ստեղծողները փորձել են միավորել խոհարարներին, ովքեր առողջ և համեղ սնունդ են պատրաստում, սակայն լայն զանգվածներին ներկայացնելու և առաքելու խնդիր ունեն: Հարթակի միջոցով Երևանում ցանկացած անհատ կամ կազմակերպություն հնարավորություն է ունենում ամենատարբեր ուտեստներ պատվիրել անմիջապես խոհարարներից:

Narinj.am-ի ներկայացուցիչ Գոռ Հովսեփյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ կայքում առաջարկվող ուտեստների ցանկում կա արագ պատրաստվող տեսականի՝ նախատեսված հատկապես աշխատանքային ընդմիջումների համար։ Կայքի միջոցով հնարավոր է նաև նախապես պատվիրել հյուրընկալության յուրահատուկ և տնական սեղան:

Գոռ Հովսեփյանի խոսքով՝ առաջիկայում հարթակից հնարավոր կլինի օգտվել նաև բջջային հավելվածի միջոցով։