Օգտակար հանդիպում՝ ստարտափների համար

Մայիսի 4-ին Մերգելյան ակումբում տեղի ունեցավ «Ստարտափների զարգացում և փոփոխությունների կառավարում» խորագրով հանդիպումը, որը նվիրված էր ստարտափների  զարգացման ու կառավարման թեմաներին: Հանդիպման բանախոսն էր «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» հկ-ի փոխնախագահ Կարեն Սարգսյանը:

 

Բանախոսը ներկայացրեց ստարտափ հիմնելու և զարգացնելու համար անհրաժեշտ գործիքները: Խոսեց դրանց զարգացման փուլերի, ինչպես նաև հայկական ստարտափերի պատմության մասին, պարզաբանեց և սահմանեց ստարտափ և ևս մի քանի այլ տերմիններ: Բանախոսը անդրադարձավ նաև կազմակերպությունների յոթ հիմնական տարրերին և գործընթացներին և ցույց տվեց կազմակերպություններում փոփոխությունների կառավարման, նորարարության և զարգացման կապը:

Ներկայացման ընթացքում նա լսարանին ներկայացրեց գերմանական Trigon ընկերության ուսումնասիրությունները և փորձը, ինչպես նաև կիսվեց իր սեփական դիտարկումներով` անձնային աճի, ընկերությունների կառավարման և այլնի մասին:

 

Խոսելով կազմակերպությունների զարգացման չորս փուլերի մասին` պիոներական, դիֆերենցման, ինտեգրացիայի և ասոցացման, Կարեն Սարգսյանը հանգամանալից ներկայացրեց դրանցից յուրաքանչյուրը, ինչպես նաև ներկայացրեց ղեկավարների անձնային զարգացման և նրանց հիմնական գործառույթները ընկերության զարգացման կոնտեքստում:

Հիշեցնենք, որ Մերգելյան ակումբը կազմակերպվում է Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս ընկերության և Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ բարեգործական հիմնադրամի կողմից: