5 լավագույն to-do հավելվածները

5 լավագույն to-do հավելվածները

ittrend.am-ը սկսում է նոր շարք. ամեն ուրբաթ մենք կներկայացնենք տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածները

Բոլորը կարիք ունեն կանոնակարգել իրենց առօրյան, հիշել ու անել բոլոր անելիքները: Կան բազմաթիվ բջջային հավելվածներ, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը: ittrend.am-ն ընտրել է լավագույն 5 to-do հավելվածները:

Todoist ( AndroidiOS և Windows Phone )

Todoist 1

 

Այս հավելվածը կօգնի կարգավորել գրեթե բոլոր գործերը: Այն ունի մի քանի բաժիններ, որոնցով հնարավոր է տարանջատել օրվա անելիքները: Կարող եք նախապես պլանավորել գալիք շաբաթը և նույնիսկ ամիսը, իսկ եթե կան այնպիսի գործեր, որոնք պլանավորել եք կատարել պարբերաբար` օրինակ ամեն օր կամ ամեն երկու օրը մեկ, ապա դա էլ կարող եք կարգավորել:

Հավելվածում կա offline ռեժիմ, որը թույլ է տալիս ցանկացած ժամանակ ավելացնել որևէ նոր առաջադրանք: Ծրագիրն անվճար է, սակայն կա նաև տարեկան բաժանորդագրություն, որն արժե 28.99 ԱՄՆ դոլար ու հնարարվորություն է տալիս օգտվել որոշ հավելյալ ծառայություններից:

 

Wunderlist (AndroidiOS և Windows Phone)

Wunderlist 1

 

Սա, թերևս, ամենահեշտ և պարզ to-do հավելվածներից մեկն է: Թույլ է տալիս ավելացնել նոր առաջադրանքներ, սահմանել դրանց համար վերջնաժամկետներ, կիսվել ընկերների և ծանոթների հետ և այլն: Նախատեսված է նաև smartwatch տարբերակ, ինչն էլ ավելի է հեշտացնում դրա օգտագործումը: Ինչպես այլ to-do հավելվածները, Wunderlist-ն անվճար է, կա նաև վճարովի տարբերակ, որի ֆունկցիոնալն էականորեն չի տարբերվում:

 

Google Keep (Android և iOS)

Google Keep 1

 

Google Keep-ը հիմնականում նշումներ անելու հավելված է, սակայն ունի նաև հիշեցումների համակարգ, ինչը թույլ է տալիս ստեղծել to-do ցուցակ: Հավելվածը պարբերաբար թարմացվում է և ավելանում են նոր գործիքներ: Նախատեսված են հետաքրքիր գունային ֆոներ, որոնք կօգնեն դասակարգել պլանավորվածը տարբեր գույներով: Ծրագիրը նաև կարող է կապել հիշեցումները գտնվելու վայրի հետ, օրինակ՝ եթե պլանավորել եք գնումներ անել, և անցնում եք սուպերմարկետի կողքով, հավելվածը հիշեցում է ուղարկում:

Հավելվածն անվճար է:

 

Any.do (Android և iOS)

Any.do 1

 

Այս հավելվածն ունի մի քանի առավելություններ, օրինակ՝ սեփական ամպային պահոցը, այնպես որ կարող եք մուտք գործել հավելվածի Ձեր անձնական էջ տարբեր սարքերից: Այն նաև սինխրոնացվում է Cal Calendar հավելվածի հետ: Հավելվածն անվճար է, սակայն հասանելի են նաև ներհավելվածային գնումներ, ինչպես նաև ամսական բաժանորդագրություն:

 

Remember the Milk (Android և iOS)

Remember the Milk 1

Այս հավելվածի հիմնական նպատակն է հիշեցնել Ձեզ, որ Դուք ունեք անավարտ գործեր: Այն ծանուցումներ է ուղարկում էլփոստի, տեքստային հաղորդագրությունների և սոցցանցերի միջոցով: Այստեղ հնարավոր է ստեղծել անելիքների ցուցակներ ինչպես օրվա կտրվածքով, այնպես էլ շաբաթվա: Հավելվածը անվճար է, սակայն կա նաև տարեկան բաժանորդագրություն, որի արժեքն է 30 ԱՄՆ դոլար: