Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսում է նոր աքսելերացիոն ծրագիր ստարտափների համար

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է Ստարտափ աքսելերացիայի ծրագրի նոր շրջանը, որը նախատեսված է զարգացման նախնական փուլում գտնվող ստարտափերի համար։

Ծրագիրը կօգնի թիմերին սովորել հաջողության հասած ձեռնարկատերերից, քննադատորեն գնահատել իրենց գաղափարները, զարգացնել մարկեթինգի և ձեռնարկատիրության ոլորտում ունեցած իրենց հմտությունները, կապեր հաստատել գաղափարակից այլ մասնագետների և թիմերի հետ, ինչպես նաև գտնել ֆինանսավորում։ Ծրագրի ընթացքում թիմերը կկարողանան ուսումնասիրել, մշակել և որոշել իրենց  ստարտափի աճին նպաստող բիզնես մոդելը։ Թիմերը կկարողանան օգտագործել իրենց գաղափարների մշակման համար առկա բոլոր ենթակառուցվածքները  (ՄԻԿ Հայաստանի գրասենյակային տարածքը, սարքավորումները և համակարգչային ծրագրերը)։

Ծրագիրն ամփոփվում է Դեմո օր միջոցառմամբ, որը տեղի կունենա 2016թ-ի աշնանը։ Այս օրը ստարտափերը կներկայացնեն իրենց գաղափարները հայկական ՏՏ համայնքին, ձեռնարկատերերին և պոտենցիալ ներդրողներին ու գործընկերներին։ 3 ամիսների ընթացքում թիմերի մեծամասնությունը կարողանում է ստեղծել պրոդուկտի նախատիպը և գաղափարի տպավորիչ ապացույցը։ Թիմերի պոտենցիալի գնահատականի հիման վրա թիմերը կկարողանան ստանալ իրենց առաջին ներդրումները և կապ հաստատել պոտենցիալ գործընկերների հետ։

Աքսելերացիոն ծրագրին կարող են մասնակցել 2-5 անդամներից բաղկացած թիմեր, ովքեր նվիրված են իրենց գաղափարին և սիրում են այն, ինչ անում են:

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2016թ․ի մայիսի 28-ը լրացնել դիմում-հայտը։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410545343, +37499 545343 կամ +37441 545343 հեռախոսահամարներով: Հարցազրույցների փուլը տեղի կունենա մայիսին, ծրագիրը կմեկնարկի հունիս ամսին, իսկ դեմո օրը տեղի կունենա սեպտեմբերին:

Ծրագրի նպատակն է օգնել տարածաշրջանում գործող ստարտափերին հիմնելու հիանալի ընկերություններ և աջակցել առաջին փուլում, որի ընթացքում թիմերը հասնում են այն աստիճանին երբ ստեղծում են տպավորիչ և կայուն  MVP (minimum viable product), որը լուծում է որևէ առկա խնդիր, ունի շուկայական լայն հնարավորություններ և կարելի է ներկայացնել պոտենցիալ ներդրողների և գործընկերների դատին։ Ծրագիրը խրախուսում է համակարգված մոտեցում տեխնոլոգիական ընկերություն հիմնելու հարցում և տրամադրում է մշտական խորհրդատվություն փորձառու մենթորների, ներդրողների և ոլորտի պրոֆեսիոնալների կողմից։