Ովքե՞ր կկարողանան մասնակցել «SeedStars Երևան» մրցույթին

Հունիսի 25-ին Երևանում տեղի կունենա «Seedstars Երևան» մրցույթը, որի հաղթողը կստանա մենթորների, հաջողակ ձեռներեցների ու ներդրողների կողմից խորհրդատվություն և  կուղևորվի Շվեյցարիա՝ մասնակցելու Seedstars World համաշխարհային մրցույթին: Գլխավոր հաղթողը կստանա 500 հազարից մինչև 1 միլիոն դոլար ֆինանսավորում, ինչպես նաև կհանդիպի մի շարք վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների ու ավելի քան 300 հրեշտակ ներդրողների:

Հայաստանում մրցույթը կազմակերպում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (MIC) Seedstars World ընկերության հետ համատեղ: ittrend.am-ի հետ զրույցում MIC-ի տնօրեն Արտաշես Վարդանյանը նշեց, որ մրցույթին մասնակցելու համար ստարտափը պետք է ունենա առավելագույնը 3 տարվա ստեղծման պատմություն ու նախկինում ստացած ներդրումները չպետք է գերազանցեն 300 հազար դոլարը: «Մասնակցության մյուս պայմանն է ներկայացնել այնպիսի գաղափար, որն առաջարկում է գլոբալ խնդիրների նորարարական լուծում»,-ներկայացրեց Վարդանյանը:

Այս տարի Seedstars World-ին մասնակցելու է ընդհանուր առմամբ 55 երկիր: Մրցույթն անցկացվում է 2013թ.-ից ու հնարավորություն է տալիս  ձեռնարկատերերին ստեղծել նոր կապեր, զարգացնել իրենց բիզնեսները և ներդրումներ գտնել: