Դիտարկիչները հաճախ օգտագործվելու պատճառով համակարգչի մարտկոցի էներգիայի գլխավոր սպառողն են։
Opera-ի ծրագրավորողները առաջինն են հոգացել այս խնդրի լուծման համար և մշակել են հատուկ խնայող ռեժիմ, որը կօգնի երկարաձգել նոութբուքով աշխատանքի ժամանակը: Տվյալ պահին այս ֆունկցիան արդեն կարելի է օգտագործել Opera-ի՝ մշակողների համար նախատեսված տարբերակում։
Եթե ձեր նոութբուքը լիցքավորվում է, ապա դիտարկիչը կաշխատի ինչպես միշտ: Սակայն այն պահին, երբ լիցքավորման լարն անջատվի, պանելի վրա կհայտնվի նոր պատկերակ՝ մարտկոցի տեսքով: Սեղմելով դրա վրա՝ կտեսնեք պատուհան, որտեղ հնարավոր է ակտիվացնել խնայման ռեժիմը: Եթե չօգտվեք այս հնարավորությունից, ապա դիտարկիչը ևս մեկ անգամ կհիշեցնի էկոնոմ ռեժիմի մասին, երբ նոութբուքի լիցքին մնա 20 տոկոս:
Էկոնոմ ռեժիմը հնարավորություն է տալիս երկարաձգել նոութբուքի աշխատանքի ժամանակը 50 տոկոսով:
Բացի այդ՝ Opera Dev-ի նոր տարբերակում կատարելագործվել է VPN-ի աշխատանքը: Ծրագրավորողները նաև դարձրել են VPN-ն անձնական ռեժիմի մի մասը, ինչը կոչված է ավելի լավ պաշտպանելու օգտատիրոջ անձնական տվյալները:
Աղբյուրը՝ LifeHacker