Բացվել է կենտրոն, որը կօգնի ուսանողներին իրականացնել բիզնես-գաղափարներ

ԵՊՀ-ն ստեղծել է կենտրոն ձեռներեցներին աջակցելու համար, որտեղ կարող են դիմել բիզնես-գաղափարներ ունեցող ուսանողները։ ԵՊՀ Ձեռներեցության զարգացման կենտրոնը բացվել է մայիսի 23-ին ու նպատակ ունի աջակցել ուսանողներին գաղափարները հաջողակ բիզնեսներ դարձնելու գործում:

Կենտրոնի աշխատակիցները ԵՊՀ շրջանավարտներ են, ովքեր ևս ունեն իրենց ստարտափները, տիրապետում են ոլորտի գիտելիքներին և պատրաստ են փոխանցել դրանք ուսանողներին: Ծրագրի պատասխանատու, ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի շրջանավարտ Նվարդ Մինասյանը նշեց, որ իրեն կենտրոնում աշխատելու հնարավորությունն ընձեռվել է ՄԱԿ-ի կազմակերպած Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի շնորհիվ, որտեղ իր թիմակիցների հետ հաղթող ճանաչվեց «Լավագույն թիմ» անվանակարգում:

11218095_995251813832271_6578338744427467526_o
Նվարդ Մինասյան

«Երբ իմացա համալսարանում անցկացվող 8-շաբաթյա ձեռներեցության դասընթացների մասին, շտապեցի մասնակցել, քանի որ ունեի սկսնակ բիզնես և ուզում էի ավելի պրոֆեսիոնալ կառավարել այն: Ընթացքում ծնվեց մեկ այլ ստարտափ, այս անգամ մաքուր տեխնոլոգիաների ոլորտում, որի վրա սկսեցինք աշխատել մի շարք համալսարանականների հետ՝ Արևիկ Սահակյանի գլխավորությամբ: Դե իսկ եզրափակիչ մրցույթում ընդգրկվեցինք հաղթող թիմերի շարքում և ստացանք դրամաշնորհ մեր “Eco Windows’’ պատուհան-օդորակիչը պատրաստելու համար: Գուցե “Eco Windows”-ը չդարձավ այն բիզնեսը, որը ես կուզեի կառավարել իմ հետագա կյանքի ընթացքում, բայց այն տվեց հնարավորություն զբաղվելու ավելի հանրօգուտ գործով՝ կիսվել իմ փորձով ուսանողների հետ և օգնել նրանց ստեղծել իրենց բիզնեսը»,- ittrend.am-ի հետ զրույցում նշեց Նվարդը:

Կենտրոնի մյուս աշխատակից՝ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ Ռոզա Ալավերդյանը, ակտիվ գործունեություն ծավալելով ԵՊՀ ուսխորհրդում և նույնպես հետաքրքրված լինելով ստարտափներով և ձեռներեցությամբ, ևս ստացավ հնարավորություն իր տնտեսագիտական գիտելիքներով աջակցելու կենտրոնի զարգացմանը: Ստանալով թափուր հաստիքի հարցազրույցին մասնակցելու առաջարկը Ռոզան շատ է ուրախացել և կարծում է, որ սա հիանալի հնարավորություն է թե՛ ուսանողների, և թե՛ հենց իրենց՝ աշխատակիցների համար, որպեսզի է՛լ ավելի զարգացնեն իրենց գիտելիքները և դառնան ոլորտի պրոֆեսիոնալներ:

Կենտրոնի գործունեություն ունի երեք հիմնական ուղղություն՝

  1. Ֆորմալ կրթություն. նպաստել ուսումնական ծրագրում ձեռներեցության վերաբերյալ առարկայի ընդգրկմանը,
  2. Ոչ ֆորմալ կրթություն. իրականացնել թրեյնինգներ, սեմինարներ և աքսելերացիոն ծրագրեր համալսարանականների համար,
  3. Աջակցություն սկսնակ բիզնեսներին. իրավաբանական, հաշվապահական և այլ մասնագիտական խորհրդատվություն և ֆինանսական աջակցություն:

ԵՊՀ Ձեռներեցության զարգացման կենտրոնը գտնվում է ԵՊՀ գլխավոր մասնաշենքի չորրորդ հարկում, Հունագիտության կենտրոնի հարևանությամբ և բաց է նոր գաղափարների և համագործակցության համար:

Կենտրոնի ստեղծման աշխատանքներն սկսվել են դեռ երկու տարի առաջ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի նախաձեռնությամբ, և ահա անցած տարի ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընդունել է ԵՊՀ նոր կառուցվածքը՝ հաստատելով Ձեռներեցության զարգացման կենտրոնի հիմնադրումը: Նշենք նաև, որ կենտրոնը լրացուցիչ ֆինանսական և գույքային աջակցություն է ստացել CRRC ֆոնդից և Եվրոպական հանձնաժողովի TEMPUS ծրագրից: