Triple-E. ևս մեկ քայլ դեպի «իսկական» վիրտուալ իրականություն

Triple-E-ն լրացված իրականության (augmented reality) հարթակ է, որը թույլ է տալիս օգտագործողներին ցանկացած մակերևույթին վրա վիրտուալ օբյեկտներ ավելացնել: Ստարտափը մասնակցում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) IBM ISTC Startup Challenge աքսելերացիոն մրցույթին:

Ստարտափի հիմնադիրն է իրանցի Արյան Բեհզադին, թիմում ընդգրկված է ևս 5 հայ մասնագետ: Ստարտափը մշակում է իր պրոդուկտն արդեն 3 ամիս: itTrend.am-ի հետ զրույցում Արյանը պատմեց, որ հարթակն աշխատում է բոլոր հնարավոր ՕՀ-երում` iOS, Android, Windows Phone: Triple-E-ով վիրտուալ պատկերները կարելի է դիտել նաև Google Glass ու Microsoft Hololens խելացի ակնոցներով: Հարթակն առանձնահատուկ է նրանով, որ ապահովում է եռաչափ նկարների բարձր որակ:  Այն կլինի անվճար, սակայն հավելյալ հնարավորությունների համար կգործեն բաժանորդագրային փաթեթներ:

Triple-E-ի փորձնական տարբերակը պաշտոնապես կգործարկվի մեկ ամսից, իսկ կայուն տարբերակը` որոշ ժամանակ անց: «Ապագայում ծրագրում ենք ստեղծել լրացված իրականության ակնոց, որը կլինի շատ մատչելի, սակայն կապահովի բարձր որակ»,- ասաց ստարտափի հիմնադիրը:

Արյան Բեհզադիի խոսքով` հարթակում օգտագործվող տեխնոլոգիան մրցակից հավելվածներից տարբերվում է նրանով, որ վիրտուալ իրականության օբյեկտի ճանաչման համար նշաններ անհրաժեշտ չեն. տեխնոլոգիան հեշտությամբ ճանաչում է հարթ մակերևույթի վրա «թաքցրած» առարկաները:

Ըստ Բեհզադիի`  Triple-Е-ի լուծումները կարող են կիրառվել կրթության բնագավառում` համալրելով հասարակ տպագիր դասագրքերը եռաչափ պատկերներով ու ինչու չէ, նաև ձայնային ուղեկցությամբ: «Ես կարծում եմ ունենք բոլոր նախադրյալները` Երևանը դարձնելու smart city (խելացի քաղաք), որը հագեցած կլինի լրացված իրականության օբյեկտներով, օրինակ` գովազդային ցուցանակները լրացուցիչ ինֆորմացիա կարող են ցուցադրել սմարթֆոնով կամ խելացի ակնոցով դիտելու դեպքում»,- ասաց ստարտափի հիմնադիրը:

Նշենք, որ IBM ISTC Startup Challenge-ին մասնակցում են 10 թիմեր, որոնք ներկայացրել են գաղափարներ արհեստական բանականության, բիզնես անալիտիկայի, վիրտուալ իրականության, Big data և ամպային տեխնոլոգիաների ուղղություններով:

Մրցույթի արդյունքում 2 լավագույն թիմեր կստանան 1000 դոլար, իսկ 1 թիմի կտրամադրվի 120,000 դոլարի չափով փաթեթ` IBM-ի ծառայություններից օգտվելու համար։ Ինչպես նաև լավագույն թիմերին կտրվի հնարավորություն շարունակել իրենց աքսելերացիան ISTC նորաբաց կենտրոնում (կենտրոնը կհանձնվի շահագործման հուլիսին):