ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ ստեղծված 100 ինժեներական լաբորատորիաները այսուհետ կկոչվեն «Արմաթ»

Հունիսի 1-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի» աջակից ընկերություններին, շահագրգիռ կառույցներին և ՀՀ պետական պաշտոնյաներին  ներկայացրել է ծրագրի տեսլականը, նոր բրենդավորումը, ծրագրի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը.

«ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը»  ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից (իսկ այս նախաձեռնության նախատիպը՝ «Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը»՝ 2008թ-ից): Ծրագրի հովանավոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ  Հայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն հասել է 100-ի, որտեղ սովորում են ավելի քան 2000 դպրոցականներ:

Ինժեներական լաբորատորիաներում առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: Ինժեներական այս լաբորատորիաներն առաջնահերթ տեղադրվում են ՀՀ մարզերում՝ նպատակ ունենալով նպաստել մարզային զարգացմանն ու ստեղծել որակյալ կրթություն ստանալու պայմաններ նաև հեռավոր գյուղերում:

Այսուհետ ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ ստեղծված և առաջիկայում ստեղծվող բոլոր այս ինժեներական լաբորատորիաները կկրեն «Արմաթ» անվանումը: «Արմաթի» հիմնարար արժեքները բխում են 3 կոնցեպտուալ բաղկացուցիչներից՝ Հայաստան, տեխնոլոգիա և նոր սերնդի զարգացում՝ խթանելով ձեռնարկատիրական միտքը և առաջնորդելու ձիրքը։

ab4df791-b559-48b0-a7af-1b336c2ed9cc
«Արմաթ» անվանումը բաղկացած է «ար» հնդեվրոպական լեզվաընտանիքի հնագույն արմատից և մաթեմատիկայի «մաթ» մասնիկից ու խորհրդանշում է ՏՏ ոլորտում հայկական մտքի ու մաթեմատիկական-անալիտիկ մտածողության կարևորությունը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները ստեղծվել են Ucom, «Մենթոր գրաֆիկս» ընկերությունների, «Նաիրի» կոնսորցիումի, Վորլդ Վիժնի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA), «Քրոնիմետ», «Հայաստանի մանուկներ» (COAF), «Անուշավան Աբրահամյան», «Ջինիշյան», «Փարոս» բարեգործական հիմնադրամների, HSBC բանկի, One Armenia, GIZ կազմակերպությունների և Էդուարդ Սարիբեկյանի շնորհիվ: Հարկ է նշել, որ այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում և օրեցօր ծրագրին միանում են նոր ընկերություններ, որոնք պատրաստ են ներդրում կատարել հանուն Հայաստանի տեխնոլոգիական՝ այդ թվում երկրի ռազմարդյունաբերական ապագայի, իսկ երիտասարդ տաղանդավոր սերունդը  երկար սպասեցնել չի տա և կարճ ժամանակում կարդարացնի բոլոր ներդրումները:

100-րդ ինժեներական լաբորատորիայի սաներն այսօր կազմակերպիչների կողմից հոբելյանական պատվոգիր ստացան: Լաբորատորիան հիմնվել է «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ և գործում է «Ղողանջ» կենտրոնում:

«Արմաթ՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող ծրագիրը հավակնում է դառնալ Հայաստանի արդյունաբերության, մասնավորապես, ռազմարդյունաբերության վերածննդի հիմքը: ԻՏՁՄ-ն ծրագրում է լաբորատորիաներ ստեղծել ՀՀ բոլոր դպրոցներում, իսկ տարեցտարի հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկայի համար: