Գյուղական համայնքների ՍՄԱՐԹ ապագան. Լոռիում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոն

Գյուղական համայնքների ՍՄԱՐԹ ապագան. Լոռիում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոն

Այս տարի Լոռու մարզում կբացվի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը, որտեղ կկարողանան սովորել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Ծրագիրն իրակացնում է Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF), որը 12 տարվա ընթացքում ծրագրեր է իրականացրել 45-ից ավելի գյուղական համայնքներում` սկսած առողջապահական ու կրթական ծրագրերից մինչև սոցիալական ու տնտեսական բազմաթիվ ծրագրեր:

Կենտրոնում կուսուցանվեն ռոբոտիկա, ծրագրավորում, արվեստ և երաժշտություն, անգլերեն, օրգանական գյուղատնտեսություն, բնապահպանություն, ձեռներեցություն, առողջ ապրելակերպ, առողջապահություն, կարիերայի զարգացում, քաղաքացիական կրթություն և այլն:

 

Կենտրոնի գործունեության մանրամասների շուրջ ittrend.am-ը զրուցեց hիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի հետ:

Ինչո՞ւ որպես ՍՄԱՐԹ ավանի կառուցման վայր ընտրվեց Լոռին. Տիկին Եդիգարյանը նշեց, որ արտագաղթի տոկոսով Լոռու մարզն առաջինն է Հայաստանում: Պետք էր ծրագրեր մշակել, որոնք կարող էին կանխել արտագաղթն ու տեղում միջավայր ստեղծել մասնագիտական կայացման համար:

«ՍՄԱՐԹ ավանը եզակի կենտրոն է, որն ամբողջ աշխարհում չունի նախատիպ: Այն բազմապրոֆիլ է, բազմաառարկայական, անվճար, ծառայելու է 25-30 գյուղերի երեխաներին ու մեծահասակներին, հասանելի է լինելու յուրաքանչյուրին` առանց որևէ ընտրության չափանիշի», – նշեց Եդիգարյանը:

Կենտրոնի գլխավոր մասնաշենքի բացումը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին: Սակայն մինչ այդ գյուղերում գործում են արդեն ՍՄԱՐԹ սենյակներ:

Ի՞նչ է ՍՄԱՐԹ սենյակը. այն դասասենյակ է, որը կահավորված է վիդեո կոնֆերանսներ անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկայով, համակարգիչներով: Յուրաքանչյուր ՍՄԱՐԹ սենյակում կա 8 համակարգիչ` նոութբուքներ և դեսքթոփներ, սմարթբորդներ, որոնք թույլ են տալիս ուսումնական գործընթացը դարձնել ավելի ինտերակտիվ: Այժմ կա վեց ՍՄԱՐԹ սենյակ, որոնք տեղակայված են գյուղերում և պահպանում են կապը միմյանց հետ:

 

«Այն դասընթացները, որոնք պետք է անցկացվեն ՍՄԱՐԹ կենտրոնում, այժմ փորձարկման փուլում են գտնվում և դասավանդվում են ՍՄԱՐԹ սենյակներում:

Բացի դասընթացներից, Սմարթ կենտրոնը ունենալու է արհեստանոցներ, արվեստանոցներ, որտեղ դասավանդվելու են կավագործություն, փայտամշակում, ռոբոտիկա, գյուղատնտեսական հմտություններ` ջերմոցային տնտեսությունների վարում, նոր տեխնոլոգիաների գործածում գյուղատնտեսության մեջ և այլն:

Այսինքն` ՍՄԱՐԹ կենտրոնում անցկացվող դասընթացները նպաստելու են գյուղական միջավայրում կենսամակարդակի բարձրացմանը: Կենտրոնը դառնալու է ոչ ֆորմալ կրթություն տրամադրող մի վայր, որը տրամադրելու է պրակտիկայում կիրառվող ու անհրաժեշտ գիտելիքներ», – նշեց Հիմնադրամի տնօրեն Անուշ Եդիգարյանը:

Կենտրոններում անցկացվելու են նաև բիզնեսի վարման հմտություններ, որպեսզի  գյուղատնտեսները կարողանան իրենց արտադրանքը շուկա հանել և այն ճիշտ ներկայացնել: Այս ամենը դասավանդվելու է կարճ դասընթացների տեսքով և պրակտիկ բովանդակությամբ:

ՍՄԱՐԹ-ում հնարավոր կլինի նաև անգլերեն լեզու և ծրագրավորում սովորել: «Անգլերենի ուսուցումը շատ է կարևորվում COAF-ի կողմից, քանի որ այն դիտարկվում է որպես գործիք` նոր գիտելիքների յուրացման համար:

Անգլերենի իմացությունը գյուղական միջավայրում շատ կարևոր է նաև տուրիզմի զարգացման տեսանյունից:

Կան տուրիզմի ճյուղեր, որոնք հնարավոր է զարգացնել նաև Հայաստանում` էքստրեմալ տուրիզմ, գյուղական տուրիզմ և այլն: Դա հնարավոր է անել տեղի գյուղացու միջոցով, որը կիմանա անգլերեն` զբոսաշրջիկի հետ շփվելու համար: Սա կօգնի նաև տեղական տուրօպերատորներին ավելի հեշտ և մատչելի տուրեր կազմակերպելու հարցում», – ասաց տիկին Եդիգարյանը:

 

Հետագայում ծրագրվում է ՍՄԱՐԹ կենտրոններ ունենալ Հայաստանի բոլոր մարզերում: «Կլինեն դասապրոցեսներ, որոնք ընդհանուր կլինեն բոլոր կենտրոնների համար, սակայն դրանց մի մասը կտարբերվի` ըստ մարզերի յուրահատկությունների: Օրինակ` Լոռու մարզում կան անտառներ և գեղեցիկ բնություն, այդ պատճառով ՍՄԱՐԹ կենտրոնում կդասավանդվեն անտառապահության, տուրիզմի և նման այլ թեմաներով դասընթացներ, իսկ այլ մարզերում ծրագիրը կտարբերվի», – պարզաբանեց տնօրենը:

Հարցին, թե ինչ մասնագետներ են դասավանդելու կենտրոնում և որտեղ են նրանք պատրաստվելու, տիկին Եդիգարյանը պատասխանեց, որ հիմնադրամը համագործակցության միջոցով է այս հարցը լուծելու.«Այժմ արդեն համագործակցում ենք «Հայաստան ծառատունկ ծրագրի» (Armenian Tree Project) հետ, որն ունի  շրջակա միջավայրի կառավարման հետ կապված մշակված դասընթացներ: Սակայն մենք խնդիր ունենք նաև տեղում պատրաստել մասնագետներ, որոնք հետագայում իրենց փորձը կփոխանակեն մեր սաների հետ: Նախատեսում ենք նաև անցկացնել առցանց դասընթացներ, այսինքն, եթե Երևանում կան մասնագետներ, որոնք կհամաձայնեն դասախոսություններ կարդալ մեր սաների համար, ապա նրանք կկարողանան անել դա առցանց»:

Սմարթ կենտրոնում հնարավոր է լինելու միաժամանակ տեղավորել մոտ 120 աշակերտի: Դասընթացն ավարտողները կստանան վկայագրեր և հավաստագրեր»:

Հարցին, թե արդյոք կա համագործակցություն Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ, Եդիգարյանը պատասխանեց, որ արդեն  հանդիպել են կենտրոնի ներկայացուցիչների հետ, և համագործակցելու ցանկությունը երկկողմանի է:

Այս տարի շահագործման է հանձնվելու ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնական մասնաշենքը, իսկ հաջորդ տարիներին կկառուցվեն նաև կենտրոնի այլ մասնաշենքերը` արհեստանոցները, արվեստանոցները, թատերական հարթակը, կլինի նաև կոնֆերանսների անցկացման համար նախատեսված մասնաշենք:

Այս «ՍՄԱՐԹ» նախաձեռնությունը բարելավելու է գյուղական համայնքների կենսապայմանները և առօրյան, բացահայտելու այն գաղափարները և անհատներին, ովքեր կարող են և ցանկանում են ինչ-որ բան դեպի լավը փոխել իրենց համայնքում և զարգացնել իրենց միջավայրը:

Զրուցեց Ալբերտ Աբրահամյանը

Բաժիններ: Ինովացիա, Հայաստան