IBM ISTC Startup Challenge մրցույթի հաղթողը կստանա 120,000$ արժողությամբ IBM-ի ծառայությունների փաթեթ

IBM ISTC Startup Challenge մրցույթի հաղթողը կստանա 120,000$ արժողությամբ IBM-ի ծառայությունների փաթեթ

Այժմ ակտիվորեն ընթանում է IBM ISTC Startup Challenge սկսնակների համար նախատեսված աքսելերացիոն մրցույթը, որին մասնակցում են 50 դիմողներից ընտրված 10 ստարտափները: Վերջիններս ներկայացրել են գաղափարներ արհեստական բանականության, բիզնես վերլուծության, վիրտուալ իրականության, Big data և ամպային տեխնոլոգիաների ուղղություններով:

IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) բիզնեսի զարգացման ղեկավար Արեգ Գևորգյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն շաբաթ հրավիրվում են տարբեր ոլորտներից մասնագետներ, ովքեր կիսվում են իրենց փորձով: Բացի այդ` թիմերից յուրաքանչյուրին տրամադրվում է անհատական մենթորություն: Ծրագրի ընդհանուր տևողությունը 10 շաբաթ է: Այն մեկնարկել է ապրիլին և կավարտվի հունիսին` Demo Day միջոցառումով, որի ժամանակ թիմերը կներկայացնեն իրենց մշակած պրոդուկտը:

Մրցույթի արդյունքում 2 լավագույն թիմեր կստանան 1000 դոլարին համարժեք դրամական մրցանակ, իսկ 1 թիմի կտրամադրվի 120,000 դոլարին համարժեք դրամական մրցանակ` IBM-ի ծառայություններից օգտվելու համար։  Ինչպես նաև լավագույն թիմերին կտրվի հնարավորություն շարունակել իրենց աքսելերացիան ISTC նորաբաց կենտրոնում (կենտրոնը կհանձնվի շահագործման հուլիսին): «Ստարտափները կկարողանան օգտվել, օրինակ, IBM-ի սերվերներից, BlueMix հարթակից, որն առաջարկում է պատրաստի լուծումներ` հիմնված IBM Watson-ի արհեստական բանականության ալգորիթմների վրա»,-նշեց Արեգ Գևորգյանը:

Հաղթող ստարտափը 120,000 դոլար արժողությամբ ծրագրային փաթեթից կկարողանա օգտվել մեկ տարի շարունակ, հետագա երկու տարվա ընթացքում ևս կտրամադրվի IBM-ի ծառայություններից օգտվելու հնարավորություն` կախված ստարտափի կարիքներից:

«Մասնակիցները բաժանվում են երկու խմբի. առաջին խումբը ստեղծում է իր պրոդուկտը զրոյից, իսկ երկրորդը զարգացնում է իր արդեն իսկ որոշակի փուլում գտնվող նախագիծն IBM-ի լուծումների շնորհիվ: Ըստ այդմ` ժյուրին գնահատելու է պրոդուկտի մշակման պրոգրեսը»,-պարզաբանեց Արեգ Գևորգյանը: IBM ISTC Startup Challenge մրցույթը IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից սկսնակների աջակցման նախագծերից մեկն է, որին կհաջորդի հուլիսին անցկացվող IBM Watson Hackathon-ը, և սեպտեմբերին կմեկնարկի առաջին ISTC Startup Acceleration ծրագիրը:  

IBM ISTC Startup Challenge աքսելերացիոն մրցույթին մասնակցող թիմերից մեկը մշակում է Triple-E-ն լրացված իրականության (augmented reality) հարթակը, որի մասին ittrend.am-ի անդրադարձը կարդացեք այստեղ:

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ