Թոփ 5 հավելվածներ, որոնք կօգնեն ծրագրել ճամփորդությունը

Թոփ 5 հավելվածներ, որոնք կօգնեն ծրագրել ճամփորդությունը

ittrend.am-ը շարունակում է ամեն ուրբաթ ներկայացնել տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածները:

Հանգստի լավագույն ձևերից մեկը ճամփորդելն է: Իսկ ինչպես կազմակերպել ճանապարհորդությունը, որպեսզի ընթացքում խնդիրներ չառաջանան: Ինչպես գտնել ինքնաթիռի մատչելի տոմսեր, ընտրել երթուղին,  հյուրանոցը և այլն: ittrend.am-ը ներկայացնում է թոփ 5 ճամփորդական հավելվածները, որոնք կօգնեն հեշտորեն կազմակերպել ու վայելել հանգիստը:

Tripit (iOS և Android)

Գինը` անվճար, վճարովի PRO տարբերակ

TripIt-ն ամենահայտնի ճամփորդական հավելվածներից մեկն է, որը կդառնա Ձեր անձնական խորհրդատուն: Այն չի առաջարկում ծրագրել լավագույն երթուղին կամ խորհուրդ տալիս վայրեր, որտեղ արժե այցելել, այլ օգնում է հեշտորեն գտնել ավիափոխադրողների, հյուրանոցների, ավտոմեքենայի վարձույթի և այլ ծառայությունների լավագույն առաջարկներին և դրանց գներին: Դուք նաև կարող եք կիսվել Ձեր ճամփորդության ծրագրով այլ մարդկանց հետ, ովքեր ցանկանում են իմանալ, թե որտեղ եք Դուք գտնվում տվյալ պահին:

 

 

Expedia (iOS, Android և Windows Store)

Գինը` անվճար, հավելյալ վճարովի ծառայություններ

Expedia-ն հայտնի է որպես ճամփորդական ուղղությունների, տեղեկատվություն ստանալու և տոմսեր ամրագրելու վեբ կայք, սակայն դրա բջջային հավելվածը առաջարկում է նաև տեղեկանալ հյուրանոցային համարների ամրագրման ամենավերջին նորություններին և զեղչերին:

Ճամփորդությունը ծրագրելուց մինչև հյուրանոցային համարների և չվերթների պատվիրում. այս ամենը կարող է դառնալ շատ ավելի հեշտ Expedia-ի շնորհիվ։

 

 

TripCase (iOS և Android)

Գինը` անվճար, հավելյալ վճարովի ծառայություններ

Ինչպես և TripIt-ը, TripCase-ը նույնպես մի հարթակ է, որը կենտրոնացնում է Ձեր ամբողջ ճամփորդական փաստաթղթավորումը մեկ վայրում և ցուցադրում դա մեկ ինտերֆեյսում: Այս հավելվածի շնորհիվ Դուք կարող եք ծրագրել Ձեր թռիչքը, ընտրել հյուրանոցային համար, ծանոթանալ ավտոմեքենայի պատվիրման հասանելի ծառայություններին, իմանալ գնացքի տոմսերի մասին և ստանալ այլ անհրաժեշտ ինֆորմացիա։ Կարող եք նախօրոք գրանցել և ներբեռնել Ձեր մասին ամբողջական ինֆորմացիան և ուղարկել դրանք TripCase-ի թիմին, և նրանք ամեն ինչ կպլանավորեն և կամրագրեն Ձեր փոխարեն: Դուք հնարավորություն ունեք առցանց հետևել Ձեր երթուղուն և ստանալ բոլոր անհրաժեշտ ծանուցումներն ու հիշեցումները անմիջապես բջջայինի վրա: Հավելվածի առավելություններից է նաև դրա պարզ, հասկանալի ինտերֆեյսն ու աշխատելու արագությունը։

 

 

TripAdvisor (iOS և Android)

Գինը` անվճար, որոշ վճարովի ծառայություններ

Այս հավելվածը կօգնի ծրագրել ճամփորդությունն ամենասկզբից: Սակայն այս հավելվածի հիմնական առավելությունն այն է, որ TripAdvisor-ը ունի առկա հյուրանոցների և ճամփորդական վայրերի մասին գրված կարծիքների ամենամեծ տվյալների բազան համացանցում: Սա Ձեզ թույլ է տալիս որևէ անծանոթ հյուրանոցում համար պատվիրելուց առաջ ծանոթանալ այդ հյուրանոցի ծառայություններից ժամանակին օգտված այլ մարդկանց կարծիքների հետ: Հավելվածն ունի ևս մեկ հնարավորություն, դա խորհրդատվությունն է, այսինքն՝ անհրաժեշտ է պարզապես գրել, թե ուր եք ցանկանում գնալ ու երբ, և հավելվածը կօգնի Ձեզ գտնել այդ տարածքի լավագույն առաջարկները:

 

 

WorldMate (iOS, Android և Windows Store)

Գինը` անվճար, որոշ վճարովի ծառայություններ

Այս ճամփորդական հավելվածը միավորում է երթուղիներ ընտրելու ծառայությունը և սոցիալական ցանցի առավելությունները: Այն ինտեգրված է նաև LinkedIn սոցիալական ցանցին։ Ունի նաև ճամփորդական նախազգուշացումների և ծանուցումների համակարգ, այսինքն՝ հավելվածը ծանուցման միջոցով զգուշացնում է Ձեզ այն մասին, ինչը որ պետք է իմանաք Ձեր ճամփորդության վայրերի մասին:

Նախատեսված է նաև փոխարժեքի հաշվիչ, եղանակի տեսության հաղորդում, տարբեր ժամային գոտիներում ժամանակի ցուցադրման հնարավորություն և այլն, իսկ iPhone օգտատերերը հնարավորություն ունեն տեղեկանալ հյուրանոցների գնային առաջարկների և զեղչերի մասին: