Ռազմարդյունաբերությանն աջակցող մոբիլիզացիոն ծրագրին միացել են շուրջ 300 մասնագետ

Կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնած ՏՀՏ (Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների) և ԲՏ (Բարձր տեխնոլոգիաների) ոլորտի մոբիլիզացիոն ծրագրին աջակցել ցանկացողների առաջին հանդիպումը: Նախաձեռնության նպատակն է համախմբել գիտական ներուժը, մարդկային ռեսուրսները և միավորել առկա ռազմարդյունաբերական համակարգին:

Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որտեղ ընդգրված են մի շարք կամավոր ծրագրավորողներ, ինժեներներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, բժիշկներ և այլ մասնագետներ, որոնց թիվը հասնում է 300-ի:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է միության կողմից արդեն իսկ կատարված աշխատանքները, կազմվել է միջոցառումների ծրագրեր՝ կամավորների կողմից իրականացվող աշխատանքների հետագա կարգավորման նպատակով: Նշենք, որ ՏՀՏ և ԲՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագիրն իրականացվում է պաշտպանության նախարարի հրամանով, համաձայն որի համապատասխան աշխատանքներ են տարվում զինատեսակների արդիականացման ուղղությամբ:

Հարկ է նշել, որ դեռևս ապրիլ ամսին ԻՏՁՄ հայտարարել էր ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում հավաքագրվում է կամավորների և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: Բացի այդ, ստեղծվել է նաև հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարը հատկացվում է Հայոց բանակի մարտունակությանն ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանը:

Բանկային հաշվեհամար՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 1930052916980200: Այլ երկրներից փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է նշել նաև բանկի SWIFT կոդը` COVBAM22: Հաշվեհամարի սեփականատերը՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: Փոխանցման նպատակը՝ մոբիլիզացիոն ծրագրի նեդրում, մոբիլիզացիա, օգնություն մոբիլիզացիոն ծրագրի իրականացմանը: